Բաժիններ՝

«Մեզ պատժում են, որ հարկեր շատ ենք տվել». Հակոբ Հակոբյանը` ՏՄՊՊՀ 110 մլն տուգանքի մասին

«Երևանի գարեջուր» ընկերության («Կիլիկիա» գարեջուր) նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընկերությանը 110 մլն դրամ տուգանելու փաստը:

Ըստ նրա` անցած տարի հունվար-մայիսին գործարանի ֆինանսական ցուցանիշները կտրուկ վատացել էին, և նրանից հետո, երբ գարեջրի շուկայում արդեն իսկ տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1-ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին տեղեկացրել էին ՏՄՊՊՀ-ին: Հ.Հակոբյանը նշեց, որ այս բարձրացման հետևանքով ընկերության շահութաբերությունը 5%-ից բարձրացել է 12.8%, նաև ավելացել է բյուջե վճարված հարկերը` ավելի քան 100 մլն դրամով:

Հ.Հակոբյանը նշեց, որ անցած տարի հոկտեմբերի 23-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հիմքով, սակայն նոյեմբերին նիստում որևէ հիմնավորում չի ներկայացվել և որոշվել է շարունակել ուսումնասիրությունը, ի վերջո` վարույթը կասեցվել է: Հ.Հակոբյանը շեշտեց, որ նոյեմբերի 16-ի նիստի և որոշման մասին «Երևան գարեջուրը» չի տեղեկացվել:

«Առանց դատարանի հարցը չի լուծվի, անպայման կդիմենք, եթե մինչև այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չվերացնի: Ես այստեղ միանշանակ միտում եմ տեսնում: Շաբոյան Արտակի վերաբերյալ ինչքան վատ բաներ են տարածվել լրատվությամբ, հիմա ինքը փորձում է ցույց տալ, թե ինչքան լավ է աշխատում: Բայց նման կազմակերպություն, որ 700-ից ավելի մարդ է աշխատում և մշտական աշխատավարձ են ստանում, չի կարող նման ձևով հեղինակություն բարձրացնել: Մենք բոլորս ի վերջո հայ ենք, և, եթե հայը հայի նկատմամբ նման հաշվեհարդար է ուզում տեսնել, ես անպայման էդտեղ միտում տեսնում եմ: Եթե օդից վերցնես 110 մլն դրամ տուգանես, ես դրանից էն կողմ չեմ պատկերացնում: Ես խոսքեր չեմ գտնում ասելու»,- ասաց Հ.Հակոբյանը` հավելելով, որ երբ ՏՄՊՊՀ որոշումը կստանան, ու այն համապատասխանի կայքերում հրապարակված նյութերին, կփորձեն դիմել և՛ ՀՀ ղեկավարությանը, թե ինչ է կատարվում մեր երկրում, և՛ վերջում կդիմեն դատարան:

Պատգամավոի խոսքով` միշտ աշխատողն է տուժում, սա «Կիլիկիա» գարեջրի պատմության մեջ երրորդ դեպքն է, մեկը 2002թ. էր, երբ դատարանը հօգուտ գործարանի է որոշում կայացրել, մյուսը` անցած տարի, և այս անգամ. «Պարզապես ծիծաղելի որոշում է, որովհետև նմանատիպ որոշում կայացվել է «Գյումրի» գարեջրի գործարանի վերաբերյալ, նշել են, որ հարկեր քիչ են տվել, դրա համար որոշել են իրենց պատժել: Մեզ պատժում են, որ հարկեր շատ ենք տվել: Ես չգիտեմ, եթե դու հարկ շատ ես տալիս էս երկրում ու պետք է պատժվես, թող բարձրաձայն մեզ ասեն, մենք կորոշենք` հարկ տա՞նք, թե՞ թողնենք էս երկրից գնանք»:

Հ.Հակոբյանը ներքին արտադրողներին համեմատեց ներկրողների հետ` նշելով, որ, եթե ուզում են երկիրը զարգացնել, պետք է խրախուսեն ներքին արտադրողներին, որ ավելի շատ աշխատողներ ունեն ու ընտանիքներ են պահում:

168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ եզրեր տեսնո՞ւմ է, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը կարող է ինձ տնտեսապես ճնշել, որովհետև ես երբեք սխալ քայլեր չեմ արել, միշտ բոլորին օգնել եմ, և միշտ աշխատել ենք օրենքի շրջանակում: ոչ ոք չի կարող մեղադրել, որ իմ մոտ ստվեր կա` ցանկացած շշի վրա դրոշմապիտակ է տեղադրվում, Հարկայինն էլ պարբերաբար ստուգում է»:

Մեր հարցին` իշխանության հետ համաձայնեցված չէ՞ ՏՄՊՊՀ որոշումը, արդյոք ինքն ունի՞ խնդիր իշխանության հետ, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, երբեք էլ ես չեմ ունեցել ոչ մի անգամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս