«Հայաստանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին». Սերժ Սարգսյան

Հայաստանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Իսկ այն, որ Ռուսաստանը սիրիական կառավարության խնդրանքով օգնություն է ցուցաբերում, մենք դրան ամբողջությամբ հավանություն ենք տալիս։ Այդտեղ չի կարող ոչ մի հարց լինել։ Սիրիական պետության օրինական իրավունքն է օգնություն խնդրել, և Ռուսաստանի օրինական իրավունքն է ցուցաբերել այդ օգնությունը»,- ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է, որպեսզի սիրիական հարցը արագ լուծվի, սակայն դա պետք է լուծվի Սիրիայի ժողովրդի կողմից։

Սարգսյանը հավելել է, որ Սիրիայում դեռևս մնացել է ազգությամբ հայ 20 հազար քաղաքացի։ «Մենք, իհարկե, շատ կցանկանայինք, որպեսզի արագ լուծվեր այդ հարցը, թեև, ինչպես տեսնում եմ, արագ լուծման դժվար թե հնարավոր լինի հասնել։ Այնտեղ մեր շուրջ 20 հազար հայրենակիցներն են ապրում։ Մենք ճշգրիտ տեղեկատվություն չունենք»,- ասել է Սարգսյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանում են գտնվում «մեր 20 հազար քույրերն ու եղբայրները, որոնք Սիրիայից մեզ մոտ են տեղափոխվել»։

«Ցանկացած դեպքում մենք ձգտում ենք, կձգտենք հետագայում ևս թեթևացնել այդ մարդկանց ճակատագիրը։ Փորձում ենք լուծել բնակարանային հարցը, փորձում ենք նրանց աշխատանքի տեղավորել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս