Ատոմակայանում հարյուրավոր միլիոնների հափշտակություն անողներին ներել են և բաց թողել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերին, հույժ գաղտնի պայմաններում, հանկարծ աշխատանքից ազատեցին հայկական ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանին։ Ապա լուր ստացանք, որ սա սովորական պաշտոնանկություն չէ, եւ որ ատոմակայանի տնօրենը ձերբակալված է չարաշահումների համար։ Ձերբակալված էր նաեւ կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն, որն այս մականունը վաստակել է երկար ժամանակ ադամանդի բիզնեսով զբաղվելու։ Քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։
Դատաքննության նյութերից երեւում է, որ ամբաստանյալները, մշտապես լինելով մրցութային հանձնաժողովի կազմում, շուկայականից էականորեն բարձր գներով մրցույթներ են կազմակերպել ու անցկացրել եւ դրանց շրջանակներում նախընտրելի իրավաբանական անձանց հետ գործարքներ են կնքել։ Նրանք անընդհատ եղել են գնումների մրցութային հանձնաժողովի կազմում։ Ատոմակայանի տնօրենն ու խմբի մյուս անդամներն այլ մախինացիաներ են կատարել։
Օրինակ, միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկների ձեռքբերման պատրվակով 2012 թ. օգոստոսին 222. 122.400 ՀՀ դրամ գումար են դուրս գրել, որի փոխարեն ձեռք են բերել 5 սկավառակից բաղկացած համակարգչային ծրագիր, բանակցային ընթացակարգով կեղծ գնումներ են իրականացրել, շուկայականից ակնհայտ բարձր գներով հատուկ հանդերձանք են ձեռք բերել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ։
Բազմաթիվ կազմակերպություններ են ներգրավված եղել մեքենայությունների ցանկում, հանցավոր արարքների նկարագրությունն ահռելի ծավալ է զբաղեցնում դատական գործում։
ԱԱԾ քննիչները լուրջ աշխատանք են կատարել, ծանր մեղադրանքներ են առաջադրել, բայց դատարանը մեր կարեւորագույն ռազմավարական օբյեկտից յուրացումներ եւ հափշտակություններ կատարողների նկատմամբ մեղմ է վարվել՝ ի դեմս դատավոր Հրաչիկ Սարգսյանի, եւ անգամ գույքի բռնագանձում չի կիրառել, իսկ նախնական հոդվածներն էապես մեղմացվել են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: