
«Անցյալ շաբաթ եղել են պահեր, երբ այն ամենը, ինչ ցանկանում էի, բազմոցին գունդուկուչ գալն էր». Հիլարի Քլինթոն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը անկեղծացել է՝ ասելով, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո ինքն այնպիսի վիճակում էր, որ նույնիսկ չէր ցանկանում դուրս գալ տնից: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում երեխաների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովում:
«Անցյալ շաբաթ եղել են պահեր, երբ այն ամենը, ինչ ցանկանում էի, բազմոցին գունդուկուչ գալն էր՝ լավ գրքով կամ մեր շների հետ եւ այլեւս դուրս տնից չգալը,- ասել է նա՝ դիմելով ունկնդիրներին:- Այսօր իմ ժամանումն այստեղ ինձ հեշտ չտրվեց»:
Նախագահական ընտրություններում պարտության հրապարակային ընդունումից հետո Քլինթոնն առաջին անգամ է հայտնվել մամուլի մասնակցությամբ անցկացված միջոցառմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP