Շուշիում կայացել են Արցախի Սահմանադրության նախագծի հանրային քննարկումներ
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները նոյեմբերի 16-ին շարունակել են Շուշի քաղաքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը նշել է, որ գործող Սահմանադրությունն անցած 10 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը, սակայն հանրային կյանքի նոր իրողությունները, ինչպես նաև պետության անվտանգության և առաջընթացի ապահովման նոր հրամայականները թելադրում են սահմանադրական բարեփախումների անհրաժեշտություն:
Ներկայացնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ Ն. Նարիմանյանը ընդգծել է, որ եթե գործող սահմանադրությամբ մարդու իրավունքներն ու ազատություններն են ճանաչվում որպես բարձրագույն արժեք, ապա նախագծով հենց մարդն ինքն է ճանաչվում որպես բարձրագույն արժեք:
«Ընդերքը և ջրային ռեսուրսները ճանաչվում են որպես պետության բացառիկ սեփականություն, ու, դրա հետ միաժամանակ, այս նախագծում գործող Սահմանադրության համեմատ ավելացել են մի քանի հոդվածներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը, մշակույթի, կրթության և գիտության խթանմանը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ընտանիքի պաշտպանությանը՝ այս ամենը ձևակերպելով որպես պետության հիմնական խնդիր»,- ասել է Ն. Նարիմանյանը:
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին: