
Հանրապետականացվելու հերթը

Հայաստանի կառավարության անդամներից Հանրապետական կուսակցության պոտենցիալ անդամ են համարվում հատկապես գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ավելի վաղ Առաքելյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ կանդամակցի ՀՀԿ-ին: Սակայն մինչ օրս ո՛չ Առաքելյանը, ո՛չ էլ Մարտիրոսյանը կուսակցության անդամ դառնալու համար դիմում չեն ներկայացրել, նաև չեն հերքել հանրապետականացվելու մասին շրջանառվող լուրերը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում երկու նախարարն էլ կրկին հստակ պատասխան չտվեցին` մինչև ՀՀԿ համագումարը` նոյեմբերի 26-ը, կհամալրե՞ն կուսակցության շարքերը, թե՞ ոչ:
«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել… չկա մեկնաբանություն, չկա»,- ասաց Ի.Առաքելյանը։
Նմանատիպ պատասխան տվեց նաև Վ.Մարտիրոսյանը:
Ամենայն հավանականությամբ, նախարարները սպասում են իրենց ղեկավարի` Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ին անդամակցելու որոշմանն ու հայտարարությանը, որից հետո նաև իրենք ազատ կլինեն խոսելու: Վարչապետի մտադրությունների բացահայտմանն արդեն քիչ է մնացել: ՀՀԿ համագումարը 10 օրից է:
Ինչևէ: Կուսակցական մանդատը ստանալու հերթում առաջին տեղն արդեն զբաղեցված է: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ դառնալու դիմում կներկայացնի: