
ՀՀ վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդունած փաստաթղթերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նոյեմբերի 16-ին կայացած նիստում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նա հայտնել է նիստից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում։
«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ», ընդգծել է Կարեն Կարապետյանը