Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, դատարանը նաև մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմից ներկայացրած միջնորդությունը:
Նա նաև շեշտեց, որ Խանդոյանին առաջադրված մեղադրանքը նոյեմբերի 10-ին լրացվել է: Մեղադրանք է առաջադրվել նաև քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 218րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին և 2-րդ ենթակետերով (կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը):
Փաստաբանը շեշտեց, որ Արայիկ Խանդոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: