Բաժիններ՝

«Չեմ հավատում ձեռք բռնելու և կտրելու արդյունավետությանը` որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ»

Կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք պաշտպանական համակարգի ներքին անվտանգության ամենամեծ և ամենավնասակար խնդիրն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այն, ինչ պաշտպանական համակարգում տեսնում եք այս օրերին ու կտեսնեք առաջիկայում, կապված է իմ վճռականության հետ: Պետք է ասեմ, որ որպես կառավարման մասնագետ չեմ հավատում ձեռք բռնելու և կտրելու արդյունավետությանը` որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ: Դա կարող է լինել զսպվածություն ապահովելու, կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու կամ այն առավել խորամանկ դարձնելու միջոց»,-­ նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ կոռուպցիան քաղցկեղ է, և այն նվազեցնելով չես վերացնում, ընդամենը կրճատում ես նոր օջախներ ստեղծելու հեռանկարը: «Պայքարն արդյունավետ է, երբ ստեղծում ես համակարգեր, որոնք վերացնում են կոռուպցիայի գայթակղությունը, որտեղ փոխադարձ վերահսկողությունն այնքան խորքային է, որ կոռուպցիոն ռիսկերն ավտոմատ չեզոքացվում են: Զրոյին հասցնել աշխարհում ոչ մի տեղ չի հաջողվում, բայց բերել մի մակարդակի, որ դա լինի ակնհայտ բացառություն, ոչ թե օրինաչափություն, պարտադիր պայման է»,-­ ընդգծեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նախարարն այս գործում չափազանց կարևորում է հետադարձ կապի, լրատվամիջոցների, հասարակության, ԱԺ պատգամավորների դերը: «Կարևոր լուծումներից մեկը պետական կառավարման բոլոր օղակների փոխադարձ վերահսկողությունն է: Մեր մեջ կա վստահություն, որ ավելի փակ համակարգերն ավելի ուժեղ են, սակայն ես իմ գործընկերներին պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում ասել եմ, որ միայն շնորհակալ կլինեմ, եթե պետական կառավարման յուրաքանչյուր օղակ մատնանշի այն տեղերը պաշտպանության համակարգում, որտեղ տեսնում է կոռուպցիոն ռիսկեր: Եթե ադյունքում համարենք, որ ես պաշտպանության թույլ նախարար եմ, քանի որ ոստիկանությունը, ԱԱԾ-­ն կամ ՔԿ­ն կարողացել ենք ՊՆ համակարգում քննություն անցկացնել, ապա ես պատրաստ եմ վճարել այդ գինը: Թող ես լինեմ այդ թույլ նախարարը»,- ամփոփեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս