Սերժ Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը: «Ռոսիա սեգոդնիա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, տեղի ունեցող իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար:
«Հնարավոր է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Օրինակ, շփման գծում որևէ մեկը կրակում է, և, մեր տեղեկություններով, կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ հեռախոսը և զանգարահում Ադրբեջանի նախագահին ու նշում. «կրակում են»: Եվ նա իրականում ստուգում է»,- նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը դեմ չէր լինի նման թեժ գծի ստեղծմանը Երևանի և Բաքվի միջև: «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել, մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նաև նման վերաբերմունք Ադրբեջանի ղեկավարից»,- ընդգծել է Հայաստանի առաջնորդը՝ ավելացնելով, որ 1990-ականներին փորձ է արվել ստեղծել «թեժ գիծ»:
«Նման փորձ մենք արեցինք 1990-ականների սկզբներին, այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ունեինք ուղիղ կապ: Մենք կարող էինք նման էքստրեմալ դեպքերի ժամանակ, երբ անհրաժեշտ լիներ արտակարգ կապ, կապ հաստատել: Բայց հիմա դա չկա»,- նշել է Սերժ Սարգսյանը: