«Թունավորված պատասխան էր, չէի սպասում». Արամ Մանուկյանը՝ Դավիթ Հարությունյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլում հրապարակված կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի խնդրին, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանն այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ: Զուրաբյանի դիտարկմամբ՝ զինվորականներին աջակցելու հնարավոր աղբյուրներից մեկն էլ կարող է լինել հենց այդ ՊՈԱԿ-ին հատկացվող գումարը:

«Առանց մամուլի այս հրապարակման էլ՝ մենք ունեցել ենք տեղեկություններ, որ տարիներ շարունակ գործել է նման մի համակարգ, իշխանությունը պահել է պրոպագանդիստների մի մեծ բանակ, որոնց գլխավոր գործը եղել է սոցցանցերում իշխանության քարոզչությունն անելը, տարբեր տեսակի ինֆորմացիոն և դեզինֆորմացիոն օպերացիաների իրականացումը, ընդդիմության վարկաբեկումը և այլն: Հուսով եմ՝ կառավարությունում հասկանում են, որ հանրության միջոցներով չի կարելի նման քայլեր իրականացնել»,- ասաց նա՝ նկատելով, որ, եթե խոսքը հանրային միջոցների մասին է, ապա պետք է լինի բացարձակ թափանցիկություն: Այնուհետև նա խնդրեց փոխանցել բոլոր այն անձանց տվյալները, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել և գումարներ ստացել:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից:

Լ. Զուրաբյանին ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ լրատվադաշտում ապատեղեկատվությամբ զբաղվելու մենաշնորհը քաղաքական որոշ կուսակցություններինն է. «Վստահեցնում եմ, որ քաղաքական ապատեղեկատվությամբ և պրոպագանդայով նշված ոչ առևտրային կազմակերպությունը չի զբաղվում: Այլ խնդիր է, որ կառավարության ծրագրի, կատարած քայլերի վերաբերյալ աշխատանք տարվում է, և շատ բնական է, որովհետև բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում երկրում գործող կառավարությունը: Այստեղ որևէ ամոթ բան չկա, ու դա աշխատանք է, որը պետք է կատարի ցանկացած կառավարություն: Ինչ վերաբերում է հրապարակումների քանակին, ես այդ թվերին չեմ տիրապետում. կհետաքրքրվեմ անպայման: Բայց այն, որ կառավարության աշխատանքի վերլուծությունը հասցվում է հանրությանը ոչ միայն սոցիալական ցանցերի, այլև հեռուստահաղորդումների և այլ միջոցներով, և այդ ամենը կազմակերպում է հենց այդ ՊՈԱԿ-ը, այո, այդպես է: Այն, ինչ չի խախտում անձնական տվյալների գաղտնիությունը, մենք ձեզ կտրամադրենք»:

Լ. Զուրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Խոսքը հրապարակված 5480 նյութի մասին է, որոնց ցուցակը խնդրում ենք հրապարակել: Հանրային գումարների մասին է խոսքը, և մենք իրավունք ունենք իմանալու, թե մեր կառավարությունն ինչ գործունեությամբ է զբաղվում: Ես հասկանում եմ, որ կենթարկվեմ հարձակումների այդ բանակի կողմից, որ իշխանության այդ աշխատավարձով են սնվում, բայց խնդիր չեմ տեսնում դրանում, որովհետև դա յուրահատուկ լյուստրացիա կլինի, և շատ գոհ կլինեմ, որ նման բան կատարվի»:

Դ. Հարությունյանը նրան այսպես պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկն անգամ նման դավադրություն փորձեր կազմակերպել, ապա շատ սխալ բան կաներ, քանի որ դա կլիներ ձեզ համար եզակի առիթ՝ վերջապես հայտնվելու հանրային տիրույթում: Ես կարծում եմ՝ այդ բավականությունը եթե որևէ մեկը փորձի ձեզ պարգևել, ապա դա միայն ձեր թիմակիցները կլինեն, որոնք հետաքրքրված են ձեր հանրային ռեյտինգը բարձրացնելով»:

Իր հարցից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Դավիթ Հարությունյանին ասաց, որ զարմացած է նրա պատասխանից. «Լևոն Զուրաբյանը ձեզ նորմալ հարց ուղղեց, իսկ դուք գրգռված պատասխանեցիք. թունավորված պատասխան էր, չէի սպասում»:

Տեսանյութեր

Լրահոս