Բաժիններ՝

«500 հազար և ավելի ստացող Նաիրա Զոհրաբյանը շատ ավելին պետք է վճարի, քան 100 հազար դրամ ստացող ՀՀ քաղաքացին». Նաիրա Զոհրաբյան

«Մեր ուղղակի բարոյական պարտքն է՝ աջակից լինել մեր բանակին, բայց մենք պետք է նաև հասկանանք այն զայրույթը, ընդվզումը, որը կա թե՛ մեզանում, թե՛ հանրության մեջ, որ ամեն ինչ պետք է լինի արդար»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Ն. Զոհրաբյանին զարմացրել են ԱԺ-ում հնչած մի քանի ելույթներ, որոնք համառորեն փորձում են տրանսֆորմացնել իրենց մտահոգությունը.

«Իհարկե, այստեղ հնչեցին նաև լուրջ առաջարկներ, հնչեցին նաև օրիորդաց վարժարանին վայել, լալահառաչ, ռաբիս, երրորդ դասարանի հայերենի մակարդակի շարադրություններ, որոնք, չեմ կարծում՝ կարող են պատիվ բերել որևէ քաղաքական գործչի։ ԲՀԿ-ն այս նախաձեռնությանը կողմ է քվեարկելու։ Նախաձեռնությունը կարևոր է, սա պետք է լիներ վաղուց, մեզանից յուրաքանչյուրը մեր պարտքն ունենք մեր զինվորի, մեր բանակի առջև, ու դա չպետք է պայմանավորենք թալանով, կոռուպցիայով՝ թալանչի սպայակազմի մի հատվածով, թալանող գեներալներով, օլիգարխ զինվորականներով, ովքեր տզրուկի նման նստած էին ու են բանակի վզին և թալանում են բանակը»։

Նա կոչով դիմեց հետաքննող լրագրողներին, որ իրենց հետ միասին բացահայտեն այդ դեպքերն ու ներկայացնեն պատգամավորներին։

«Ես երեկ այստեղ բարձրացրեցի նաև «Մարտիկ» հիմնադրամի հարցը, այսօր հիմնադրամի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ մենք հանգիստ լինենք, հիմնադրամի 1 միլիոն 200 հազար դոլարն ապահով պահված է բանկային տարբեր համակարգերում։ Հարց է առաջանում՝ այդ ինչո՞ւ եք ապահով պահել բանկային տարբեր համակարգերում, բա մեր երկրում ապրիլի 2 եղավ, դրանից հետո զոհեր եղան, ֆեյսբուքներում փող էին հավաքում վիրավորներին արտերկիր ուղարկելու համար, այդ ինչո՞ւ եք տարբեր բանկային համակարգերում ապահով պահել, այդ գումարները ներդնեիք, որ ոչ թե ֆեյսբուքներում 1000 դրամ հավաքեինք, այլ այդ գումարներով լուծեինք այդ մի քանի զինվորների խնդիրը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ ինքն էլ է կողմ, որ տարբերակված մոտեցում պետք է լինի.

«500 հազար և ավելի ստացող Նաիրա Զոհրաբյանը շատ ավելին պետք է վճարի, քան 100 հազար ստացող ՀՀ քաղաքացին։ Եկեք մինչև 100 հազարն ընդհանրապես ազատենք այս տուրքից, դրանից հետո պրոգրեսիվ աճով սահմանենք ավելի դեպի աճ»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս