«Կոնդի թաղամասի 1500 քաղաքացիներ այսօր մնացել են փողոցում». Զարուհի Փոստանջյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց Կոնդի թաղամասի բնակիչների բնակարանների հարցով։
«2007 թվականին Երևանի Կոնդ թաղամասը, ձեր որոշմամբ, որոշվել է՝ որպես գերակա հանրային շահ և իրացման տարածք։ Տվյալ բնակավայրի քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր համապատասխան բնակավայրի տրամադրելու վերաբերյալ, իսկ մինչ բնակարան տրամադրելը նրանց տրվելու էր նաև համապատասխան գումար՝ բնակարանները վարձակալելու համար։ Մինչ հիմա այդ բնակարանները չեն կառուցվել, և շուրջ 1500 քաղաքացի այսօր մնացել են փողոցում։ Այն վարձակալած բնակարանները, որոնք նախկինում վարձակալել էին, այդ գումարները շատ չնչին են։ Մարդիկ ոչ միայն զրկվել են իրենց բնակարաններից, այլև չունեն պատկերացումներ՝ ապագայում բնակարան ստանալու վերաբերյալ։ Վերջիվերջո, Կոնդի այդ հատվածի բնակիչները ե՞րբ են ստանալու իրենց բնակարանները, որովհետև արդեն 8 տարի է՝ նրանք փողոցում են գտնվում»,- հայտարարեց պատգամավորը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ի պատասխան՝ ասաց.
«Քաղաքապետարանը, քաղաքաշինության նախկին նախարարությունը բոլոր մանրամասները ներկայացրել են նամակում, որը ձեզ է փոխանցված։ Պատմությունը հետևյալն է. 2007 թվականի սկսած ծրագիրն առաջին փուլում ձախողվել էր, որի արդյունքում կառավարությունը ստիպված է եղել նոր միջոցներ, գործիքներ փնտրել, որպեսզի կարողանա ձեր նշած թվով քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրը լուծի։ Առ այսօր այդ խնդիրը լուծում չի ստացել։ Քաղաքապետարանի համապատասխան կառուցապատողների կողմից տեղեկացվում է, որ 2017 թվականի հոկտեմբերին 1860 քառակուսի կիլոմետր տարածքով բնակտարածքը վերջնական շահագործման կհասցվի ու կհանձնվի բնակիչներին»։