«Ամբողջ ժողովուրդը ձեզ պես ո՛չ մտածում է, ո՛չ խոսում է, ո՛չ էլ գործում». Հերմինե Նաղդալյանը՝ Լևոն Զուրաբյանին

«Երբ ապրիլի 2-ին սկսվեց քառօրյան պատերազմը, առավոտյան կանուխ  տեղեկություններ ստացանք մեր բանակի ծանր կորուստների և դիրքային նահանջների մասին, բառացիորեն մի քանի ժամ հետո ՀԱԿ-ը, որը 9 տարի շարունակ սուր և անհաշտ հակամարտության մեջ է իշխանությունների հետ, կուսակցության  վարչության նիստում ընդունեց հայտարարություն՝  իր աջակցությունը  հայտնելով մեր բանակին՝ խոսելով  թշանամուն դիմագրավելու համար ազգային միասնության ապահովման անհրաժեշտության մասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ թշնամու հարձակման պայմաններում ցուցաբերված ազգային քաղաքական համախմբվածությունը  թույլ տվեց մեր բանակին և  ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին՝ կարճ ժամանակում  կայունացնել և ամրապնդել ռազմաճակատը և կոշտ բանակցություններ տանել Ադրբեջանի և միջնորդների հետ։

«Մենք արեցինք այն, ինչ պետք է աներ պետական մտածողություն ունեցող և ղարաբաղյան  հաղթանակների ակունքում  կանգնած քաղաքական ուժը։ Իսկ դուք՝ իշխանություններդ, պետք է անհրաժեշտ դասեր քաղեիք  կատարվածից։  Հանրությունը որոշակի սպասումներ ուներ, որ նորանշանակ կառավարությունը  հենց այդ քաղած դասերի արդյունք է, և, որ այն կփորձի կամուրջներ կառուցել դեպի սեփական ժողովուրդը, վերացնել թալանի փորձված սխեմաները, հեռացնել բիզնեսի զարգացման խոչընդոտները,  թեթևացնել սոցիալական վիճակը և ստեղծել իշխանություն-հանրություն համագործակցության մթնոլորտ»,- նշեց Լ. Զուրաբյանը։

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի նախագիծը, որով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 1000-ական դրամ պետք է փոխանցի այդ նպատակով ստեղծվող ապահովագրական հիմնադրամին, ըստ Լ. Զուրաբյանի, բոլորովին այլ բան է վկայում։

«Առաջին հայացքից՝ փառահեղ մի բան է։ Նախատեսված են հատուցման բավականին լուրջ գումարներ։ Ցանկացած պետության առաջնային և անբեկանելի պարտքն է՝  ապահովել հայրենիքի պաշտպանների սոցիալական պաշտպանվածությունը։ Բնական է, որ սա մի գաղափար է, որի շուրջ  շատ հեշտ է կառուցել ազգային համաձայնություն։ Որևէ կուսակցություն չէր առարկի  նման ծրագիրը՝  բյուջետային ծախսերի մեջ՝ որպես առաջնային, ոսկե և անդրդվելի տող համարելու դեմ՝ ի հաշիվ բազմաթիվ այլ ծախսերի։ Եթե կառավարությունը հանդես գար նման մի նախաձեռնությամբ, այսօր Ազգային ժողովում կտիրեր ազգային համաձայնության  և միասնականության մթնոլորտ։ Եթե այդպես վարվեիք, ամբողջ Հանարպետությունն այսօր ձեզ կծափահարեր։ Կառավարությունն ընտրել է բոլորովին այլ ճանապարհ, որը ոչ այլ ինչ է, քան առանց այդ էլ աղքատության հասած ժողովրդին կեղեքելու մի նոր հնարք»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Նա հայտարարեց, որ այս տեսքով նախագիծը մերժում են, «ինչպես մեր ամբողջ ժողովուրդը»։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց ժողովրդի անունից չխոսել. «Ամբողջ ժողովուրդը ձեզ պես ո՛չ մտածում է, ո՛չ խոսում է, ո՛չ էլ գործում»։

Տեսանյութեր

Լրահոս