Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժած ուղևորներից 18-ն արդեն դիմել են նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում շարունակվում է 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով դիմումների ընդունումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Առ 16.11.2016թ. նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստացվել է 18 դիմում:

Հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնություն ստանալու համար կարող են դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28  հասցեով:

Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանվել է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը  շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.0 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100.0 հազ. դրամ:

Տեսանյութեր

Լրահոս