50 մլն-անոց համերգին պարտքով են երգել. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։

Այս ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 15-ին, այլ ընկերությունների հետ միասին մասնակցել է նշված համերգը կազմակերպելու տենդերին, սակայն ՊՆ-ն այդպես էլ որեւէ կազմակերպության առաջարկի հետ համաձայն չի եղել, ու արդյունքում որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել մրցույթում։

Այնուամենայնիվ, դրանից հետո պետք էր մեկին գտնել, որը կիրականացներ նշված միջոցառումը, եւ ի՞նչ է արել ՊՆ-ն. միանգամից կապ է հաստատել «ԳԵՎՏԻԳ»-ի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ սույն կազմակերպությունը միջոցառումն անի, իսկ գումարը նախարարությունը հետո կտա։ Արդյունքում «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն միջոցառումը կազմակերպել է, սակայն գումարը ՊՆ-ից չի կարողացել ստանալ։ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Քարամյանն ասաց. «Այդ միջոցառումը հունվարի 28-ին եղել է։ Մենք բարձր մակարդակով միջոցառումն անց ենք կացրել ու շատ մեծ ջանքերի գնով այդ գումարը նոր, այս վերջերս փորձել ենք ստանալ»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ են նոր վճարում, երբ միջոցառումն ավելի վաղ է եղել, նա պատասխանեց.

«Որովհետեւ պայմանագիր չկար, որովհետեւ մրցույթ էին հայտարարել, մրցույթը չեղյալ է հայտարարվել, ժամանակ չկար, որ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեին, մեզ խնդրել են, որ մենք մեր միջոցներով անենք այդ միջոցառումը՝ հաշվի առնելով իր նշանակությունը։.Մենք էլ ընդառաջել ենք, արել ենք եւ 10 ամիս սպասել ենք այդ գումարին, որովհետեւ այդ միջոցառման մեջ ահագին մարդ կա ներգրավված, այդ գումարները մենք մինչեւ հիմա չենք տվել»։

Պարզվում է, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն համերգի ժամանակ ելույթ ունեցած երգիչ- երգչուհիներին պարտք է մնացել։ «Այո, այո , ճիշտ եք հասկանում։ Էլ մանրամասներ չունեմ»,- ասաց Լեւոն Քարամյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս