«Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը». Իշխան Կարապետյան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 15-ին անցկացրեց առաջին խորհրդակցությունը ՍԱՊԾ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Նոր ղեկավարը նախանշեց աշխատանքի այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Ծառայությունը, որոնք պետք է բնութագրեն վերհասկող կառույցի դերն ու կարևորությունը` ապահովելով երկրում սննդամթերքի անվտանգության համակարգի որակապես նոր զարգացումներ:

Ծառայության պետի համոզմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և այդ ուղղությամբ իրականցվելու են հետևողական քայլեր»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ ոլորտում կան թե բազմաթիվ խնդիրներ, թե ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա: Առաջին խնդիրը, որն առնչվում է սպառողին՝ սննդամթերքի անվտանգությունն է. այստեղ կան  պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում: Ծառայության պետի խոսքերով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նաև նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ: Անասնաբուժության ոլորտում նա կարևոր համարեց նպաստել բնագավառի զարգացմանը՝ ոչ թե հետադարձ արձագանքման, այլ համաճարակը կամ կենդանիների հիվանդությունները կանխարգելելու ճանապարհով: Բուսասանիտարիայի ոլորտում ևս առանձնացվեցին մի շարք խնդիրներ, տրվեցին հստակ հանձնարարականներ:

Ծառայության պետը հատուկ ընդգծեց սահմանային հսկողության կարևորությունը և հանձնարարեց խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առանջային գործառույթն է»,- եզրափակեց Ի. Կարապետյանը:

Ընդգծվեց, որ իրականացվելու է խիստ, բայց արդարացի քաղաքականություն. նախ՝ լանյամասշտաբ դիտարկումներ ու դրանց միջոցով վտանգի գնահատում է իրականացվելու, ապա՝ տնտեսավարողին տրվելու է ժամանակ ու հնարավորություն, նաև՝ խորհրդատվություն, արձանագրված խախտումները վերացնելու համար: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների:

Ծառայության ղեկավարն ընդգծեց սննդամթերքի անվտանգության ոլորտում միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը՝ մասնավորապես սննդի որակի կառավարման՝ առաջնային համարվող HACCP, ինչպես նաև  ISO 22000 շարքի, FSSC 22000 համակարգերի ներդրումը սննդի շղթայում և հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգերի վերաբերյալ իրազեկման, մասնավորապես՝ տեղական և միջազգային կառույցների աջակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, խոսվեց բոլոր ծառայությունները և ընթացակարգերը թվայնացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերում ՊԵԿ-ի հետ համագործակցաբար «մեկ պատուհան» սկզբունքը գործածելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս