Ոչ բոլոր փախստականների ճամբարներն են պատրաստ ձմեռվա ամիսներին

Մոտենում է ձմեռը, և Հունաստանում ապաստան գտած հազարավոր փախստականներ կանգնած են ցրտահարության վտանգի առջև: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Աթենքի փախստականների համար նախատեսված ճամբարում շուրջ 10 հազար մարդ բնակվում է վրաններում: Նրանց շարքում են հազարավոր փախստականներ, ովքեր ստիպված մնացել են Հունաստանում նախորդ գարնանից ի վեր, երբ նրանց հոսքը դեպի եվրոպական այլ երկրներ կանխվեց սահմանների փակման արդյունքում:

Աֆղանստանից Ազիզոլա Սեդարաթը չորս երեխայի հայր է:

«Ցրտերը մոտենում են, և էական մեծ տարբերություն չկա դու գտնվում ես վրանում, թե վրանից դուրս: Մեզ չեն օգնում: Որոշ երկրներ մեր նկատմամբ ուժ չեն կիրառում, չեն սպանում մեզ, սակայն այս պայմաններում ապրելը նման է դանդաղ մահի»,-ասում է Ազիզոլը:

Ազիզոլի ընտանիքը այստեղ ստեղծել է բոլոր պայմաններն՝ ապրելու համար: Այս ճամբարում նախատեսվում է փոխել վրանները տնակներով մոտակա շաբաթների ընթացքում:

Սակայն ամեն տեղ չէ, որ դա տեղի է ունենում և Ազիզոլի նման մարդկանց օգնության տրամադրումը չափազանց դանդաղ է ընթանում:

«Մեկ տարի է արդեն այս գործընթացը շարունակվում է, հետո այն մեր սպասելիքներից ավելի դանդաղ սկսեց ընթանալ»,- ասում է Ջեյն Ուվեյթը Միջազգային փրկության կոմիտեից:

Երկրով մեկ այժմ ընթանում են պատրաստություններ մոտակա ձմռան ամիսներին, որի ընթացքում փախստականերին տրամադրվում են ձմեռային իրեր, իսկ վրանները փոխանակվում են տնակներով: Սակայն հազարավոր մարդիկ կմնան վրաններում: Որոշ կարծիքների համաձայն Հունաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի օգնության տրամադրման պատասխանատվության մի մասը:

«Պետք է մշակել ավելի պարզ ծրագիր մարդկանց պայմանները բարելավելու համար: Անհրաժեշտ է տեղափոխել վատ պայմաններում բնակվող փախստականներին ձմեռային ամիսների համար ավելի հարմարավետ պայմաններ ունեցող ճամբարներ»,- ասում է Ջեյն Ուվեյթը:

Շեսթոյում բնակվող փախստականներն ավելի բարենպաստ պայմաններում են բնակվում ներառյալ մարմնամարզության համար դահլիճ, սակայն ջեռուցումը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրը:

«Տարիքով մարդիկ չեն վախենում հիվանդություններից կամ մրսելուց, սակայն երեխաների համար դա կարող է ճակատագրական լինել: Գետինը խոնավ է, իսկ եղանակը՝ ցուրտ»,-ասում է փախստական Քարիմ Հուսեյնը:

Չնայած նրանք ազատ են լքելու ճամբարը՝ շատերը ստիպված են մնալ այնտեղ:

Ջերմաստիճանը գնալով նվազում է, իսկ փախստականները շարունակում են ապավինել օգնության՝ հույս ունենալով, որ իրենց պայմանները կբարելավվեն:

Տեսանյութեր

Լրահոս