«Եթե սկսվի Ադրբեջանի շարժը դեպի ԵՏՄ, ապա միաժամանակ կսկսվի Հայաստանի շարժը ԵՏՄ-ից դուրս». Գրիգորի Տրոֆիմչուկ

«Բաքուն ազդանշաններ է տալիս Մոսկվային այն մասին, որ պատրաստ է դիտարկել եվրասիական ինտեգրացիայի հարցը միայն նախապես Ղարաբաղի շուրջ հստակության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որում նա չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։

Հարցին, թե այս հայտարարությունը Հայաստանում դիտարկվում է՝ որպես Մոսկվային ուղղված գործարքի առաջարկ՝ «ԵՏՄ անդամակցություն Ղարաբաղի փոխարեն» բովանդակությամբ, որքանո՞վ է ներկայումս հնարավոր նման զարգացում, Տրոֆիմչուկը պատասխանեց, որ տեսականորեն ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի  մերձեցման հավանականություն կա։ Դրանում, նրա խոսքով, որևէ արտասովոր բան չկա, քանի  որ արևելյան ուղղությամբ շարժ Բաքուն սկսել էր  Շանհայի համագործակցության կազմակերպությունում իր ավելի ամուր կարգավիճակով։ Բացի դրանից, նրա խոսքով, Բաքու-Արևմուտք հարաբերությունները ներկայումս բավականին լարված բնույթ են կրում, որը ևս Ադրբեջանին  մղում է հակադիր՝ եվրասիական, ուղղությամբ։

«Բայց Ադրբեջանի  ԵՏՄ անդամակցության գլխավոր խնդիրը Ղարաբաղն է։ Հենց այդ  պատճառով էլ Բաքուն արդեն ներկայումս ազդանշաններ է տալիս Մոսկվային այն մասին, որ պատրաստ է դիտարկել եվրասիական ինտեգրացիայի հարցը միայն նախապես Ղարաբաղի շուրջ հստակության դեպքում։ Բաքուն նույնիսկ պատրաստ է կոմպրոմիսի,  որի կոչն  էր անում ՌԴ նախագահը, և հայտարարում է, թե համաձայն է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակին։

Հիմա հերթը Մոսկվայինն է։ Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահն այս թեմայի շուրջ Մոսկվայից հստակ մեկնաբանություն է ակնկալում։  Ի դեպ, Վաշինգտոնը համոզված է, որ այս հարցի շուրջ գործարքներ չեն լինելու, քանի որ այստեղ  կա նաև Հայաստանը, որը բացարձակապես հակադիր դիրքորոշում ունի Ղարաբաղի վերաինտեգրացիայի հարցի վերաբերյալ։ Ուստի, եթե սկսվի Ադրբեջանի շարժը ԵՏՄ ուղղությամբ, ապա միաժամանակ կարող է սկսվել Հայաստանի շարժը ԵՏՄ-ից դուրս՝ նույն Արևմուտքի օգնությամբ»,- ասաց Տրոֆիմչուկը։

Գրիգորի Տրոֆիմչուկի հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղը։

Տեսանյութեր

Լրահոս