Բաժիններ՝

«Ուլյուկաևի ձերբակալությունը չի հանգեցնի կառավարության հրաժարականին». Կրեմլ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը առիթ չէ խոսելու նախարարների կաբինետի հրաժարականի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուլյուկաևի գործի մասին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրել էր, որ նախարարի «օպերատիվ մշակման» մասին տեղյակ է եղել ոչ միայն ՌԴ նախագահը, այլև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ մտավախություններ, որ նախարարի ձերբակալությունը բացասաբար կազդի ներդրումային միջավայրի վրա, Կրեմլը չունի։

«Կոռուպցիայի դեմ պայքարը կատարվում է մշտական հիմունքով, դա դրական երևույթ է ցանկացած երկրի ներդրումային գրավչության համար»,- վստահ է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուլյուկաևին որպես կոռուպցիայի դեմ պայքարի օրինակ ներկայացնելը դեռ անհնար է, քանի որ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով։
ՌԴ Քննչական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ուլյուկաևը մեղադրվում է նրանում, որ 2016թ. նոյեմբերի 14-ին 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել «Ռոսնեֆտ» ընկերությունից՝ դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտին» թույլ է տվել գործարք կնքել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս