Բաժիններ՝

Թաթարյանները 10 տարի է` հացը պարտքով են գնում

asparez.am.  Գյումրիում Վալյա Թաթարյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Տիկին Վալյան պատմում է, որ ընտանիքի 4 անդամն ունեն հաշմանդամության կարգ, աշխատունակ չեն:

-Ես 2-րդ խմբի հաշմանդամ եմ, ամուսինս` 3-րդ, աջ ձեռքը անդամահատած է: Մեծ տղաս 29 տարեկան է, փոքրս` 19: Նրանք եւս հաշմանդամ են,-ասում է 55 ամյա Վալյա Թաթեւոսյանն ու ավելացնում, որ 17 -ամյա դուստրն էլ բժշկական հսկողության տակ է:

Այս ընտանիքի միակ եկամտի աղբյուրը հաշմանդամության կենսաթոշակն է: Վալյա Թաթարյանի խոսքով` պետության հատկացրած կենսաթոշակով հազիվ կարողանում են վճարել կոմունալ ծախսերը:

-Հացի փող չունենք: 10 տարի է` հացը պարտքով ենք առնում, թոշակին քիչ-քիչ տալիս,-արցունքն աչքերին ասում է տիկին Վալյան: Ընտանիքի խնդրի մասին պետական եւ տեղական կառույցների ղեկավարները լսել են, սակայն` ապարդյուն:

-Դիմել եմ նախագահին, վարչապետին, Բալասանյանին, բայց օգուտ չկա, չեն օգնել,-ասում է Վ.Թաթարյանը:

Կինը պատմում է, որ սոցիալական խնդիրների պատճառով վարկեր է վերցրել ու տոկոսով գումար:

Տիկին Վալյայի խոսքով` այսօր իրենք 1 մլն 500 հազար դրամ պարտք ունեն: Վարկի գումարով անհրաժեշտ դեղորայք ու հաց են գնել:

-Ապրելու միջոց չունեինք, ստիպված բանկերից ու մասնավոր մարդկանցից տոկոսով փող էինք վերցնում,-ասում է տիկինն ու թվարկում բանկերը:

Թաթարյանները վարկը վերադարձնելու այլ տարբերակ չունենալով` բնակարանն են վաճառքի հանել: Բնակարանը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում է` Գարեգին Նժդեհի 17-րդ շենքում:

-Ուզում ենք գոնե 16 հազար դոլարով վաճառել, որ պարտքերը բաժանելուց հետո մի տեղ կարողանանք ճարել` ապրելու համար: Պետությունից հույս չունենք,-եզրափակում է կինը:

Նարեկ Կիրակոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս