Բաժիններ՝

Գյումրու ունեցվածքը` թանկարժեք ծաղկամաններ, զուգարանախցիկներ

asparez.am. Արդեն 4 տարի է` Գյումրու քաղաքապետարանը չի կարող անհրաժեշտ գույքագրում կատարել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը պնդում է, որ քաղաքապետարանի 2007-2008 թթ-ի ընդհանուր արխիվը չկա, շատ գերատեսչություններ փաստաթղթեր են պահանջում, սակայն քաղաքապետարանը չի կարող դրանք տրամադրել:

«Դուք պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը, տարբեր գերատեսչություններից են փաստաթղթեր ուզում, բայց մենք չենք կարող տալ, որովհետեւ չկա, տարել են, ուղղակի վերցրել, տարել են, չի կարող էդպես լինել, բայց էրել են»,-քաղաքային նախկին իշխանությանն ի նկատի ունենալով` բարձրաձայնում է Ս.Բալասանյանն ու առաջարկում ավագանու ներկա կազմին` հաստատել Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը: «Ինչ որ կա, առկա է, հաստատենք, ընթացքում նորից կլինեն ուսումնասիրություններ»,-հուսադրում է քաղաքապետն ու պատմում, որ 20 հոգուց բաղկացած հանձնաժողովին եւս չի հաջողվել մանրակրկիտ գույքագրում կատարել, որովհետեւ խնդիրները շատ են եղել:

Գյումրու ավագանու ներկա կազմն էլ նոյեմբերի 10-ի նիստում միաձայն հաստատեց 2016 թվականի նոյեմբերի 01-ի դրությամբ Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը: Ավագանու որոշմանը կից հավելվածի ցանկ ընդգրկվել են համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի հաշվեկշռում գտնվող միջոցները:

Ցանկ են ընդգրկվել համայնքապատկան շենք-շինություններ, ավտոտնակներ, պարիսպ, կաթսայատներ, փայտաշեն մոդուլներ, արտադրամաս, ավտոտնակներ, պահեստներ, տպիչներ, հեռախոսներ, համակարգիչներ, լուսանկարչական ապարատ, պատճենահանման սարքեր, Գյումրու զինանշան լանջաշղթայի համար եւ այլ միջոցներ: Հաշվառված յուրաքանչյուր գույքի դիմաց գրառված է համախառն հաշվեկշռային արժեքը:

Ցանկ ընդգրկված որոշ իրեր բավական թանկարժեք են, սա ենթադրում է, որ համայնքի սուղ միջոցներով բավական թանկ իրեր են գնվել: Օրինակ` տոնական հրավառության դեկորը 20 հատ` գնահատվել է 1 մլն 321 հազար 220 դրամ, աղբարկղ` 35 հատ` արժեքը կազմում է 1 մլն 648 հազար 885 դրամ, բազկաթոռ ղեկավարի` 2 հատ` 114 հազար դրամ, շերտավարագույր` 15 մետր` 97 հազար 200 դրամ, ութանկյուն դեկոր` 4 հատ` 274 հազար 288 դրամ: Համայնքապատկան ծաղկամանների գներն են տարբեր` 6 հատ` 408 հազար դրամ, առանձին 2 հատը` 130 հազար դրամ, մյուս 2 հատը` 110 հազար դրամ. դեկոր` 24 հատ` 1 մլն 737 հազար 600 դրամ, դեկոր` 6 հատ` 434 հազար 640 դրամ, զուգարանախցիկներ` «Էկոնոմ»` 10 հատ` 5 մլն 84 հազար 445 դրամ եւ այլն:

Մինչեւ տարեվերջ այս ցանկում շարունակվելու են փոփոխությունները. 2017-ին, ըստ քաղաքապետարանի, քաղաքն ունենալու է «գույքի մաքսազերծված, շիտակ թվաքանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս