Դոնալդ Թրամփը մեղմում է իր մոտեցումները

Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը բողոքի ցույցերի ալիք բարձրացրեց ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում: Բողոքի ցույցեր կլինեն նաև հունվարին նախատեսվող նրա երդման արարողությանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Այս ցույցերը կոչ է բոլոր նրանց, ովքեր դեմ են այս նոր նախագահին, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ ամերիկացիները չեն ընդունում նրա ռասիստական ու սեքսիստական մոտեցումները»,- ասում է Լոս Անջելեսից ցուցարար Քեթլին Դանլիվը:

Թրամփն ընտրվելուց հետո շտապեց ընդգծել, որ իր քաղաքական մրցակիցները հայտնել են իրենց աջակցությունը նորընտիր նախագահին: CBS-ին տված հարցազրույցում նա ներկայացրեց Քլինտոններին որպես «տաղանդավոր մի ընտանիք», ում նա կարող է դիմել՝ խորհուրդ հարցնելու համար: Նա վերահաստատեց իր մտադրությունը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, սակայն նշեց, որ որոշ հատվածներում պատի փոխարեն կլինի ցանց:

«Որոշ հատվածներում պատն անհրաժեշտ է: Սա շինարարություն է, և ես այս ոլորտում շատ փորձառու եմ»:

Ներգաղթյալների խնդրի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է հայտնել Հանրապետական կուսակցությունը, որն ընդգծել է, որ չի աջակցելու շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալների արտաքսմանն, ինչը խոստացել էր անել Թրամփը: Իր հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ որոշ ներգաղթյալներ միևնույն է կարտաքսվեն:

«Մենք պատրաստվում ենք արտաքսել այն մարդկանց, ովքեր ունեն հանցավոր անցյալ և հանցագործ են: Դա շուրջ 2 միլիոն մարդ է, որոնց թվում են հանցավոր խմբերի անդամներ, թմրանյութի վաճառքով զբաղվողներ: Մենք նրանց կարտաքսենք և կազատվենք նրանցից: Նրանք այստեղ գտնվում են անօրինական: Երբ կկարգավորվի վիճակը սահմանին, մենք կլուծենք այդ ահավոր մարդկանց հետ կապված հարցերը»:

Նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն ասել է, որ դեմոկրատները պետք է սկսեն հանրային շարժում՝ պայքարելու արդարության համար:

«Չկա որևէ պատճառ, որ մենք այդքան բարձր գին ենք վճարում դեղատոմսերով տրամադրվող դեղերի համար, և ինչն է պատճառը, որ մենք, լինելով աշխարհի ամենահզոր երկիրը, չենք տրամադրում համապատասխան առողջապահություն մեր բոլոր քաղաքացիներին»,- ասել է սենատոր Սանդերսը:

Թրամփը նշել էր, որ նա չեղյալ կհամարի նախագահ Օբամայի առողջապահական ծրագիրը և այն կփոխարինի մեկ այլ ծրագրով, որը կպահպանի այսպես կոչված Օբամաքեերի որոշ դրույթներ:

Տեսանյութեր

Լրահոս