
«Բակո Սահակյանի տանը եղել եմ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, բայց ոչինչ չի փոխվել. «կուշետկան» էլ չի փոխվել». Գառնիկ Իսագուլյան

«Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո նման նախաձեռնություն ցուցաբերեցին նաև Արցախի Հանրապետությունում: Այդ նախաձեռնությունը ցուցաբերել էին կուսակցությունները: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հենց ԼՂՀ քաղաքական ուժերը, որոնք նախաձեռնել էին Սահմանադրության փոփոխություն, որը նախատեսում է անցում խորհրդարանական համակարգին, միմյանց հետ բավականին լուրջ քննարկումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ այս էտապում նման կառավարման համակարգի անցնելը ԼՂՀ-ի համար ճիշտ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Արցախի Սահմանադրության փոփոխության խնդրին՝ այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ պետք է պատկերացում ունենալ Արցախի քաղաքական ուժերի գործելակերպի մասին, ու ըստ նրա՝ ամենևին տեղին չէ ասել, որ փոփոխություններն արվում են ինչ-որ անձի լիազորությունները երկարացնելու կամ կարճացնելու համար. «ԼՂՀ-ում նոր էր ընտրվել ԱԺ-ն, ու հենց կուսակցություններն էլ, որոնք նոր էին ընտրվել, որոշեցին գնալ փոփոխությունների, իսկ Հայաստանում դա սահուն եղավ, որովհետև նախագահի պաշտոնավարմանը մնացել էր մեկ տարի: Ես երկար զրույց եմ ունեցել ԼՂՀ նախագահի հետ, հավատացեք, որ Բակո Սահակյանն այն մարդն է, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել ԼՂՀ-ում: Ինչ մնում է լիազորությունների երկարացմանը, ապա դրան ավելի շատ ձգտում են քաղաքական ուժերը»:
Նա նաև հավելեց, որ Բակո Սահակյանին վաղուց է ճանաչում. «Նրա տանը եղել եմ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, բայց ոչինչ չի փոխվել. «կուշետկան» էլ չի փոխվել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում