Ոստիկանությունը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանին բերման ենթարկելու դեպքի մասին
Նոյեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքը լրատվամիջոցներով տարածվելուց հետո լայն, սակայն միակողմանի արձագանք է ստացել:
Ոստիկանության ծառայողներին են վերագրվում ծառայողական էթիկայի և իրավունքի տեսանկյունից անընդունելի արտահայտություններ ու գործողություններ: Ըստ տարածված տեղեկությունների, իբր թե ոստիկանները բերման ենթարկվածի ներկայությամբ ասել են, որ թքած ունեն Սահմանադրության վրա, մինչև ժամը 4-ն անձին անհիմն պահել են ոստիկանության բաժնում, թույլ չեն տվել Վ.Նիկողոսյանի փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին և այլն:
Այլ դեպքում ոստիկանությունը, ՀՀ փաստաբանների պալատի հետ կնքած փոխըմբռնման հուշագրի շրջանակում, պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ հայտարարություն տարածելու նախաձեռնություն կդրսևորեր, սակայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի գործունեության նկատմամբ կանխակալ հանրային արձագանքի իրողությունը ոչինչ չի թողնում անելու, քան կատարվածի մասին ոստիկանության տվյալները հանրությանը ներկայացնելը:
Այսպես. քաղաքացին ժամը 23.05-ին զանգահարել է ոստիկանության բաժին՝ նշելով, որ «Շամպայն» ակումբից հնչող բարձր երաժշտությունը խանգարում է իրենց հանգիստը: Համայնքային ոստիկանության տեսուչները ներկայացել են ակումբ և խնջույքի մասնակիցներից մի քանիսին ներկայացրել լռությունը պահպանելու վերաբերյալ օրինական պահանջ: Ոստիկանության օրինական գործողություններն ակնհայտորեն դուր չեն եկել Վարդան Նիկողոսյանին, և վերջինս ոստիկանների հետ մտել է բանավեճի մեջ, խոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, գետին է գցել ոստիկանության ծառայողներից մեկի գլխարկը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Վարդան Նիկողոսյանն ունեցել է բերման ենթարկվածի կարգավիճակ՝ խուլիգանության կասկածանքով:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Վարդան Նիկողոսյանը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն բռնարարի, ոչ թե զոհի կարգավիճակով: «Առավոտ» օրաթերթի կայքում 2012 թվականի մարտի 16-ին հրապարակվել է հոդված՝ «Փաստաբանը ծեծել է իր վստահորդին» վերտառությամբ: Հոդվածում նշվել էր, որ փաստաբան Վ.Նիկողոսյանը փաստաբանական իր գրասենյակում պատռել է թոշակառու վստահորդի փաստաթղթերը, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Տուժած կինը բռնության հետևանքով մեկ շաբաթ գտնվել է հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում:
Այս անգամ էլ Վարդան Նիկողոսյանի ինքնասիրությունը, չգիտես ինչու, այն աստիճանի է խոցվել, որ մոռացել է իրավաբանի մասնագիտության, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների նկատմամբ հարգանքի պարտականության և փաստաբանի հասարակական կոչման մասին: Պարտականություններ, որոնք նախատեսված են փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Իհարկե, ոստիկանության ծառայողների գործողությունների օրինականությունը կստուգվի, խուլիգանության կասկածով նախապատրաստված նյութերին կտրվի քրեաիրավական գնահատական, սակայն իրավաբանական հանրույթի ներկայացուցչի կողմից դրսևորվող անպարկեշտ վարքագծի դատապարտումը պարտադիր է թե փաստաբանության և թե ոստիկանության նկատմամբ հանրության վստահությունը չսասանելու անհրաժեշտությունից ելնելով:
Ոստիկանությունը փաստաբանների պալատի հետ ունի արդյունավետ համագործակցության պատմություն, հարգանքով է վերաբերվում նրա օրինավոր ներկայացուցիչներին և նրանց գործունեությանը: Հույս ունենք, որ նման անցանկալի դեպքերը կրկնություն չեն ունենա: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ իրավախախտները փորձում են սեփական արարքների անօրինականությունը քողարկել կեղծ գերատեսչականության կամ կեղծ կորպորատիվության քողով՝ հակաիրավական վարքի խափանումը ներկայացնելով որպես մասնագիտական գործունեությամբ պայմանավորված խտրական վերաբերմունք: Բոլոր նման փորձերը դատապարտված են ձախողման:
Օրենքի առջև հավասար ենք բոլորս, իսկ իրավաբաններն անձնական վարքով այս սկզբունքի ընկալումը հանրային կյանքում ամրապնդելու համար կրում են բացառիկ պատասխանատվություն:
Ներկայացնում ենք ոստիկանության բաժնում իբր «ոստիկանական բռնությունների ու կամայականությունների զոհ» դարձած Վարդան Նիկողոսյանի իրական վարքագծի տեսագրությունից հատված: