«Մենք պատրաստ ենք Ալիևին թեյ տալ Շուշիում կամ Ստեփանակերտում, բայց այդ թեյի սցենարը 3 ձևով կարող է լինել». Դավիթ Բաբայան
«Ալիևը զորավարժություններ է կատարում նաև իր հռետորաբանության հետ: Սա առաջին նման հայտարարությունը չէ, նա միշտ էլ նման հայտարարություններով հանդես է եկել. իր նախորդները ևս: Չի եղել որևէ ադրբեջանական նախագահ, որ նման հայտարարություններով հանդես չգա. Ալիևն այդ տեսանկյունից բացառություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ շաբաթավերջին Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների և Ֆիզուլիի բնակիների հետ հանդիպումների ընթացքում մի շարք ելույթներ է ունեցել ու ամեն անգամ շեշտել. «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։
Դ. Բաբայանը նկատեց՝ նրանք միշտ խոսում էին Շուշիում ու Ստեփանակերտում թեյ խմելու մասին, բայց որ ավելի պարզ լինի Ալիևին, թե ինչ է սպասում Արցախին ու Ադրբեջանին, նա նշեց, թե երբ Ալիևը կարող է թեյ խմել Ստեփանակերտում. «Մենք պատրաստ ենք Ալիևին թեյ տալ Շուշիում կամ Ստեփանակերտում, բայց այդ թեյի սցենարը 3 ձևով կարող է լինել. առաջինն այն է, որ ինքը շարունակի թեյ խմել Բաքվում և մտածի Արցախում թեյ խմելու մասին, խոսի Լելե Թեփեի մասին ու նմանատիպ հայտարարություններ անի:
Երկրորդ՝ գա այստեղ, ճանաչի Արցախի հանրապետությունը և երբ Արցախում բացվի Ադրբեջանի դեսպանատունը, կհյուրընկալենք իրեն թեյով:
Երրորդ՝ Ալիևը թեյ կխմի ռազմագերիների ճամբարում, եթե իհարկե այդ պատերազմից հետո ողջ մնա: Եթե նա ողջամիտ է, ապա պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը. սա լավագույն տարբերակն է: Բայց եթե նա ինչ-որ քայլեր կատարի, ապա թեյը կխմի ռազմագերիների ճամբարում»:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի նախագահը նաև ասել էր. «Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա: Եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է»:
Դ. Բաբայանի նշեց, որ դա նացիզմ է, ուրիշ ոչինչ. «Նա փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից: Ալիևը ոչ թե պետք է մտածի Լելե-Թեփեի կամ այլ բաների մասին, այլ քիչ գողանա այդ փողերը և սեփական ժողովրդի արտագաղթը կանգնեցնի, որ բոլորը փախչում են երկրից: Թող սեփական ժողովրդի կարիքները բավարարի, այլ ոչ թե պետությունը հասցնի սնանկացման:
Նա ճորտատեր է դարձել, խան է դարձել, արդեն դե յուրե: Հետևաբար, քառօրյա պատերազմից, դրա զարգացումներից, Երևանում տեղի ունեցած զորահանդեսից հետո փորձում է ցույց տալ, որ դեռևս ոգի կա, փորձում է շեղել բնակչության ուշադրությունը, ինչպես նաև՝ սա մեսիջ է իր քաղաքական հակառակորդներին, որ բանակն իր ենթակայության տակ է ու հարկ եղած դեպքում այն կօգտագործի ազգային փոքրամասնությունների ու իր քաղաքական հակառակորդների դեմ»:
168.am-ը Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց նաև, թե Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ֆոնին շփման գծում այս պահին իրավիճակն ինչպիսի՞ն է: «Իրավիճակն այս պահին այնպիսին է, ինչպես միշտ կա. հակառակորդը նույնն է, իր գործելաոճը մնացել է նույնը: Մենք էլ հատկապես նման ժամանակահատվածում զգոնության աստիճանը հասցնում ենք մաքսիմումի, համապատասխան գործողություններ ենք կատարում, որպեսզի մեր երկրի անվտանգության աստիճանը բարձրացնենք: Բայց առանձնակի զարգացումներ, որոնք բնորոշ չեն հակառակորդին, տեղի չեն ունենում. այնպես է, ինչպես կա: Հակառակորդը պետք է միշտ հիշի վերոնշյալ թեյի փիլիսփայությունը»: