«Թող չինովնիկները կառավարության դիմաց դնեն իրենց գլխարկները և մուրան այդ 1000 դրամները». Ազատ Արշակյան
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հասարակությունը որևէ մեկին չի կարող վստահել բանակի համար հավաքվող 1000 դրամները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ բանակն է ապահովում մեր գոյությունը, հետևաբար՝ բանակը գումարի կարիք չպետք է ունենա. «Բանակը պետք է որոշի՝ ով ինչքան գումար ստանա: Սկզբում բանակը պետք է գումար ստանա, հետո միայն մյուս ոլորտները, չինովնիկները: Ոչինչ չի մնա՝ ուրեմն թող մուրացկանություն անեն: Թող գնան, կառավարության դիմաց դնեն իրենց գլխարկները ու մուրան այդ 1000 դրամները: Բանակը չպետք է մուրա ոչինչ ոչ մեկից, այլ ինքը պետք է բաժանի»:
Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ պաշտոնյաներն իրենց գրպանից համալրեն այդ ֆոնդը. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հրաժարվում է նախագահի՝ 400 հազար դոլար աշխատավարձից, քանի որ ինքն ապահովված է: Իսկ եվրոպական երկրներում ընդունված է, որ պաշտոնյաներն իրենց աշխատավարձի ութ տոկոսը պետք է տրամադրեն բարեգործությանը: Մեր հարուստ պաշտոնյաներին պետք է պարտադրեն գումարներ նվիրաբերել: Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ողջունում եմ, բայց դա պետք է արվի պաշտոնյաների հաշվին»:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը, որն ասել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»:
Ըստ Ա. Արշակյանի՝ ոչ ոք իրավունք չունի ասելու՝ իմ գործը չէ, թե ծննդկանն ինչ վիճակում է. «Նա պետք է վազեր այդ հիվանդանոցը՝ տեսներ, թե ինչն է պատճառը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: