
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթանակել է սոցիալիստ թեկնածուն

Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը հաղթանակել է երկրի նախագահական ընտրություններում։
Այս մասին են վկայում այսօր Բուլղարիայի ԿԸՀ-ի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները։
Տեղեկատվության համաձայն՝ Ռադևի օգտին քվեարկել է ընտրողների 59.35 տոկոսը, իսկ նրա մրցակցի՝ Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի օգտին, որին աջակցում է իշխող «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն ու կոալիցիայի գործընկերները՝ ընտրողների 36.17 տոկոսը։
Իշխող «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն արդեն ընդունել է իր պարտությունը երեկ կայացած նախագահական ընտրություններում, իսկ կուսակցության առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է մոտ օրերս հրաժարական տալու մտադրության մասին։
Երկրում բացվել էր ավելի քան 12 հազար ընտրատեղամաս, քվեարկելու իրավունք ուներ ավելի քան 6.8 մլն մարդ:
Բուլղարիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր նոյեմբերի 6-ին: