«ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվի». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներին այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի:

«Թրամփի ղեկավարման ընթացքում այդ երկրի քաղաքականության փոփոխությունների որոշակի դինամիկա միգուցե նկատվի Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն չեմ կարծում, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ կլինեն»,- այսօրվա ասուլիսում նշեց քաղաքագետը:

Ա. Իսկանդարյանը նաև կարծում է, որ չի փոխվի ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Քաղաքագետը նկատեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սերտ համագործակցում են:

«Ես կարծում եմ, որ այս ձևաչափը կշարունակի աշխատել նույն տեմպերով, քանի որ այն արժեք ունի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանն այս տարածաշրջանում պատերազմ չեն ցանկանում»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս