Պարզվել են 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մի շարք հանգամանքներ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 30-ամյա երիտասարդի, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Լ.Հաջյանին՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու մասին ահազանգն ստացվել էր 2016 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ըստ բժիշկների՝ Լ.Հաջյանին պատճառվել են «աջ վերակնակապճային հատվածի սալջարդ, պատռված վերքի, արյունահոսության հետքերով քթի այտուցված սալջարդի, կրծքավանդակի առաջային մակերեսի հարկրծոսկրի հատվածի ծակած-կտրած վերքի» ձևերով մարմնական վնասվածքներ, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ, և տղամարդն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լ.Հաջյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար: 55-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Քննությամբ պարզվել է, որ Լ.Հաջյանին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել նրա բնակության վայրում, որի ժամանակ տանը գտնվել են այլ անձինք ևս։ Բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության եւ շարժառիթի վերաբերյալ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբորի 27-ին 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: