Կուսակցության գրանցման պահանջները փոխվում են

Հայաստանում կուսակցություն ստեղծելու համար շուտով կպահանջվի առնվազն 1000 անդամի առկայություն գրանցման պահին` ներկայիս 200-ի փոխարեն: Այս փոփոխությունը նախատեսվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագծով, որն այսօր քննարկվեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով` գործող օրենքով կուսակցությունը 6 ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասցներ 2000-ի, բայց դա ստուգելը գրեթե անհնար է:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի դիտարկմանը, որ գրանցման պահին անդամների թվի ավելացումը խստացում է, Ա.Հովհաննիսյանը չհամաձայնեց` նշելով, որ, եթե դիտարկեն այն տեսանկյունից՝ 6 ամիս հետո պիտի գնահատեն 2000 անդամի առկայություն, ապա այս տեսանկյունից՝ մեղմացում է: Մեղմացում է նաև այն, որ փոխվում է գործող օրենքով ՀՀ ողջ տարածքում տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջը` առաջարկելով ստեղծման պահին տարածքային ստորաբաժանում ունենալ կամ Երևանում, կամ ՀՀ մարզերի 1/3-րդում:

Ա.Հովհաննիսյանը նաև նշեց, որ հստակեցվել են նաև կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը, մասնավորապես` սխալ լրացված պետական գրանցման դիմումը վերադարձվում է և ժամկետ է տրվում սխալներն ուղղելու, իսկ գրանցման մերժում կարող է լինել միայն բացառիկ դեպքերում:

«Եթե որևէ մեկը մի ժիգուլու պասաժիր էր հավաքում, չէր կարող ստեղծել կուսակցություն, իր զոքանչին և աներոջը նստեցնել այդ ժիգուլու մեջ և հայտարարել, որ դա կուսակցություն է»,- 90-ականների պրակտիկան հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա` եթե մի կուսակցություն նույնիսկ 1000 անդամ չի կարողանում հավաքել, ուրեմն չպետք է գոյություն ունենա, առավել ևս, 6 ամիս հետո գնա ժողովրդի քվեն ստանալու:

ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շահմուրադյանի կարծիքով` կուսակցությունների գրանցման համար պետք է առավել բարձր դրույքաչափեր սահմանվեն, որի արդյունքում դաշտը կինքնամաքրվի. «Թող ավելի լավ է՝ կուսակցության անդամների թիվ չամրագրեն օրենքով, այլ՝ գումար, որը պետք է մուծեն»:

Սակայն նրա առաջարկը մերժվեց հանձնաժողովի մյուս անդամների կողմից:

«Մի պահ մոռացան, որ սա քաղաքական մարմին է: Կներեք, կուսակցություն ստեղծելը ոչ թե բիզնես պրոյեկտ չէ»,- ասաց Մ.Եսայանը:

Տեսանյութեր

Լրահոս