«Բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ամերիկացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից՝ հարգեք սեւամորթներին, հարգեք կանանց, հարգեք մահմեդականներին: Եկավ մի գործիչ, որն ասում է՝ մի՛ հարգեք, ինչ ուզում եք՝ ասեք նրանց հասցեին, կորչի՛ երեսպաշտությունը:

Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետեւ այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլեւ իրենց դոգմաներից դուրս մտածողներին:

Եվ ի վերջո՝ բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր, իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես մանկապարտեզի երեխաներ են:

Բայց ես, այնուամենայնիվ, կողմ եմ քաղաքական կոռեկտությանը, եւ ինչո՞ւ միայն քաղաքական, ընդհանրապես կոռեկտությանը: Կողմ եմ մշակույթների, գաղափարների բազմազանությանը, կողմ եմ հարգալից վերաբերմունքին բոլոր այն անձանց հանդեպ, որոնք ինձնից ինչ-որ բանով տարբերվում են: Կասեք՝ հնացած մոտեցում է, հիմա, երբ ողջ աշխարհում սրվել են բոլոր տեսակի հակասությունները:

Կամ, ինչպես որ հայերն են սիրում ասել, «հիմա, երբ ազգիս վիճակն օրհասական է»: Բայց նույն բաները՝ հակասությունների սրման կամ «օրհասական պահի» մասին ասվում են 25-30 դար շարունակ, եւ դրանք ասվում են ոչ միայն հայերի, այլեւ բոլոր ազգերի կողմից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս