Արցախում մեկնարկել են Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արցախի պետական համալսարան, որտեղ կայացել են Սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումները:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ մասնագիտական հանձնաժողովը մեծ սպասելիքներ ունի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ Սահմանադրության նախագծի քննարկման արդյունքներից:
«Ցավոք, ժամկետը կարճ է՝ հանրային քննարկումների միջոցով այս հարցերին սպառիչ պատասխան տալու համար: Կարծում եմ, որ սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն էլ կվկայեն, որ նախագծի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարվել: Ցանկանում ենք մայր բուհում անդրադառնալ ներկայացվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը, ըստ իս, նաև խորհրդանշական է»,- ասել է Ա. Ղուլյանը և ընդգծել, որ սահմանադրության նախագիծը հանրությանն է ներկայացվում որպես աշխատանքային տարբերակ, որովհետև, ըստ արձագանքների ու եղած տեսակետների, հնարավոր է կատարվեն նաև փոփոխություններ:
ԱԺ նահագահը նշել է, որ Սահմանադրության ներկայացվող նախագիծը լիովին համապատասխանում է ամիսներ առաջ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին. «Սահմանադրության նախագծի մասին խոսելով՝ կցանկանայի, որ կանգ առնենք ու առանձինառանձին ներկայացնենք Սահմանադրության կառուցվածքը և այդ կառուցվածքի առանձին գլուխներում նախատեսված նորություները:
Կյանքը շատ արագ փոփոխվում է: Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեզ պետք է այնպիսի կառավարման համակարգ, այնպիսի սահմանադրական մոդել, որն ամբողջովին կհամապատասխանի այսօրվա արտաքին և ներքին պահանջներին: Ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան մեր երկրի համար անվտանգության խնդիրը դարձրեց կարևոր առաջնահերթություն՝ ցույց տալով, որ մենք կարիք ունենք նորովի մոտեցման, և հենց այդ իրադրաձությունները մեզ բերեցին այն եզրահանգման, որ մեր երկրին, մեր հասարակությանը, իրոք, պետք է ուժեղ, կենտրոնացված իշխանություն»:
Երկրորդ գլուխը վերաբերում է ազատություններին և մարդու հիմնարար իրավունքներին. այստեղ նորություններն ավելի շատ են. «Այն շատ կարևոր այցեքարտ է՝ պարզելու, թե երկիրն ինչպիսի գերապատվություն է տալիս մարդու իրավունքների ազատություններին և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Ես կարծում եմ, որ բոլոր երկրների, առանձնապես ժողովրդավարական ճանապարհն ընտրածների համար, հռչակագիրը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»:
«Արցախում գործող կառավարման համակարգի հիմնական թերությունը գործադիր իշխանության դուալիզմն է, ավելացրել է Աշոտ Ղուլյանը: Նոր սահմանադրույան նախագծում մենք ոչ միայն հստակեցրել ու ավելացրել ենք նախագահի լիազորությունները, այլ շատ կարևոր տեղ ենք հատկացրել նախագահական կառավարման համակարգում իշխանության հավասարակշռման շատ կարևոր սահմանադրական սկզբունքին: Նոր Սահմանադրությունն Ազգային ժողովի կողմից կարող է ենթարկվել նոր փոփոխությունների:
Մենք փոխել ենք Սահմանադրության սուբյեկտը. այն կոչվելու է «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» և ամեն տեղ օգտագործվելու է Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի ԱԺ նախագահ, Արցախի քաղաքացի և այլն:
Այսինքն, բոլոր տեքստերում օգտագործվելու է Արցախի Հանրապետություն անվանումը՝ որպես Սահմանադրության գլխավոր սուբյեկտ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ԼՂՀ անվանումից. Արցախի Հանրապետություն անվանումը հավասարազոր կլինի ԼՂՀ-ին,ընդգծել է նա: Նոր Սահմանադրությունն իր լեզվով և ոճով տարբերվելու է նախորդ Սահմանադրությունից. նորի լեզուն ավելի հայեցի ու մատչելի է»:
Հանդիպման ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին: