Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում վարչապետի հանձնարարականը դիտարկել տեսչական բարեփոխումների շրջանակներում

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը դադարեցնելու, նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները վերացնելու մասին:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ հանձնարարականը պետք է դիտարկվի ընդհանուր տեսչական բարեփոխումների տրամաբանության մեջ: Նախարարի խոսքով` արդարադատության նախարարության տեսչությունը՝ որպես տեսչական գործառույթ իրականացնող մարմին, դադարեցնում է իր գործունեությունը և այն վերակազմակերպվում է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության: «Այն պետք է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ իրականացնի իր ներքին հսկողությունը, դա կլինի Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, նոտարիատը և այլն»,­- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դադարեցված գործառույթներին՝ նախարարը նշեց, որ այն տեսչական վերահսկողություն չի իրականացնելու կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական կազմակերպությունների նկատմամբ, իսկ մնացած՝ ոչ առևտրային կազմակերպությունների, օրինակ՝ հիմնադրամների, գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվելու է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

Տեսանյութեր

Լրահոս