«Ոչ ոք ոչ ոքի չի մեղադրում». Քրիստ Մարուքյանի պատասխանն Արթուր Բաղդասարյանին

Քանի դեռ հարցը հնչեցվել է, և որևէ արձագանք չկա, այս պահին որևէ բան չեմ կարող ասել: 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես ասել էր, որ «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան, և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին. «Չնայած դրան, շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ, ըստ որում, սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն՝ կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտա՞կ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել, թերևս, արժե»:

Քրիստ Մարուքյանը, մինչդեռ, նկատեց՝ ոչ ոք ոչ ոքի չի մեղադրում. «Վերջին նիստի բոյկոտից հետո շնորհակալություն ենք հայտնել բոլորին բոյկոտը սատարելու համար, հետևաբար՝ հիմա ասել, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին մեղադրում է, չեմ կարծում, որ ճիշտ է: Պարզապես մենք ասում ենք, որ, եթե կա ՀՀԿ-ի համար մեծամասնություն ապահովող 19 մանդատ, դա բավարար է նիստ գումարելու համար. խնդրեմ, գումարեք նիստը: Եթե չեն կարողանում նիստ գումարել, ուրեմն՝ չկա 19 մանդատ, չկա մեծամասնություն, իսկ եթե չկա մեծամասնություն, պետք է չլինի նաև քաղաքապետ»:

Հարցին՝ այնուամենայնիվ, եթե ՀՎ-ն միանա ՀՀԿ-ին, «Լուսավոր Հայաստանի» քայլերը որո՞նք են լինելու, նա պատասխանեց. «Երբ միանան, մեր քայլերը կասենք: Հիմա, քանի դեռ չեն միացել, ի՞նչ ասենք, ինչո՞ւ քննարկենք մի սցենարը, եթե կարող են լինել այլ սցենարներ: Թողնենք՝ ամեն ինչ իր հունով գնա, մենք անպայման կհայտնենք մեր դիրքորոշումը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս