«Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ ցնցում ողջ աշխարհի համար». Le Monde
Հանրապետական Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի հիմքում դրել էր «Վերադարձնենք Ամերիկային իր փառքը» խոստումը։ Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները ողջ աշխարհի համար, հարց է տալիս Le Monde-ի լրագրող Սիլվիա Կաուֆմանը։
«Եթե հունիսի 23-ին Brexit-ի քվեարկությունը ցնցում դարձավ Արևմտյան Եվրոպայի համար, ապա Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ցնցում դարձավ ողջ աշխարհի համար»,- կարծում է հոդվածագիրը։
Նրա «Վերադարձնենք Ամերիկային իր փառքը» խոստումը ավելի շատ մատնանշում է, որ առաջնահերթությունը տրվելու է ողջ երկրի բնակիչների բարեկեցության ու բարգավաճման վերադարձին։
«Երկիրն ավերակների մեջ է»,- ասել էր Թրամփը՝ նշելով, որ այն պետք է սկսել վերականգնել։ Հոդվածագիրը նշում է, որ աշխարհի համար դա կարող է նահանջի ու մեկուսացման ազդանշան լինել։
«Դոնալդ Թրամփը ցանկանում է խզել Գլոբալ տաքացման մասին փարիզյան համաձայնագիրը։ Արդյո՞ք նա դա կանի։ Նրա քարոզարշավի մյուս առանցքը գլոբալացումից հրաժարվելուն էր վերաբերում ու միջազգային առևտրի մասին պայմանագրերին։ Թրամփը ցանկանում է սահմանել սակագնային արգելքներ չինական ապրանքների համար»,- գրում է հեղինակը։
«Թրամփի հաղթանակի ևս մեկ հետևանք՝ այն կամրապնդի ողջ աշխարհում պոպուլիստ առաջնորդների շարժումը՝ Եվրոպայից մինչև Ասիա։ Դա ուժեղ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների վրա»,- ասվում է հոդվածում։
Վերջինս ենթադրում է, որ իրականությունն ու պրագմատիզմը նախագահ Թրամփին կստիպեն մեղմացնել իր հայացքները, ինչպես դա եղավ Ռոնալդ Ռեյգանի դեպքում, և որ հանրապետական արտաքին քաղաքական ուժերը, հաղթահարելով զգուշավորությունը, կմիավորվեն նրա շուրջ։