Հաստիքային կրճատումներ՝ Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ կրկին միայն «Բալասանյան» դաշինքի ներկայությամբ: Ինչպես նորընտիր ավագանու անդրանիկ նիստին՝ հոկտեմբերի 10-ին, այնպես էլ այս անգամ՝ նոյեմբերի 10-ին ավագանու նիստից բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և քննարկման դրվի օրակարգային 46 հարց։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Սամվել Բալասանյանը նշեց, որ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ճշտելու՝ արդյո՞ք ճիշտ է «Հրապարակ» թերթում օրերս տեղ գտած՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի այն հայտարարությունը, թե՝ Գյումրիում ավագանու 6 տոկոսի շեմը հաղթահարած «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանիները վայր են դրել իրենց մանդատները:
Այս նիստին չեղյալ համարվեց ավագանու նախկին՝ 2012 թվականի որոշումը, ընդունվեց նոր կանոնակարգ, որով ավագանին կգործի հետագա 5 տարիների ընթացքում: Ավագանին ընտրեց նաև ԱԺ-ի մոդելով ստեղծված հանձնաժողովների՝ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի« քաղաքաշինության և հողօգտագործման, մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ: Ավագանու 4 մշտական հանձնաժողովներից 3-ի նախագահները հենց «Բալասանյան» դաշինքից է:
Ինչպես նշեց Սամվել Բալասանյանը, դա որոշվել է հատուկ բանա ձևով՝ հիմք ընդունելով ընտրական օրենսգիրքը: Միայն մեկ հանձնաժողով է, որ կգլխավորի ԲՀԿ ներկայացուցիչը, իսկ տեղակալ կրկին «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչն է:
Ավագանին այս նիստին հաստատեց նաև համայնքի ղեկավարի դրույքաչափը, որը հաշվարկային գումարով կազմում է 300 հազար դրամ: Ըստ օրենքի այն կազմում է ԱԺ պատգամավորի աշխատավարձի 90 տոկոսը: Քաղաքապետի աշխատավարձի չափը թեև հստակեցվեց, սակայն Սամվել Բալասանյանը նշեց, որ աշխատավարձ չի ստանալու, այլ այն կրկին կփոխանցի «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ին:
Ավագանին միաձան որոշեց նաև «հրաժավել» քաղաքապետարանի որոշ աշխատողներից: Ավագանին որոշեց Գյումրու քաղաքապետարանում կրճատել 38 հաստիք` (2 հայեցողական պաշտոն, 17 համայնքային ծառայողի հաստիք, 19 հաստիք` տեխսպասարկման անձնակազմից), կրճատման արդյունքում քաղաքապետարանը խնայելու է 28 մլն 35 հազար դրամ:
Ավագանու քննարկման էր ներկայացված մի շարք հասարակական, բարեգործական« մշակութային կառույցների համայնքի բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև համայնքապատկան տարածքները օտարելու կամ վարձակալելու վերաբերյալ հարցեր:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:
Արմենուհի Մխոյան