«Տնտեսական ոլորտում բեկում է հարկավոր». Վարդան Օսկանյան
«5 ամսից Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Սա բացառիկ հնավարություն է՝ օրինական ճանապարհով հասնել երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի փոփոխության, որի բաղադրիչիներից է նաև նոր որակի իշխանության ձևավորումը։ Երկրում այսօր իրական և խորքային փոփոխությունների հրամայականը միանշանակ է։ Սրա մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում, սրա մասին խոսում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև հասարակության լայն շրջանակները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ երկրին այսօր կանգնած է լուրջ խնդիրների և մարտահրավերների առջև, բայց դրանցից պետք չէ վախենալ, պետք չէ դրանք անտեսել, անհրաժեշտ է համարձակորեն խոսել դրանց մասին և փորձել լուծումներ գտնել։
Ըստ Վարդան Օսկանյանի՝ դրանք ոչ միայն հայաստանաբնակների, այլև ողջ հայության խնդիրներն ու մարտահրավերներն են, որոնց արդյունավետ լուծումները հնարավոր է ոչ միայն՝ հայաստանյան ջանքերով, այլև՝ ողջ հայության ջանքերով։
Նրա խոսքով՝ համախմբման մասին խոսելիս՝ նկատի ունեն ոչ միայն՝ Հայաստանի բնակչության, այլև՝ ողջ հայության համախմբումը։ «Առանց Հայաստանում ներքին կյանքի, հարաբերությունների որակական փոփոխության, նոր գաղափարների, համարձակ ծրագրերի, պարզապես մարդկանց տեղաշարժելով, նոր նշանակումներով հնարավոր չէ մեր առաջ ծառացած խնդիրները լուծել։ Հաջորդ խորհրդարանական ընտրություններն իրենց նշանակությամբ իսկապես բացառիկ են, որովհետև մենք անցել ենք խորհրդարանական համակարգի։ Եթե նախկինում նախագահական ընտրություններն էին համարվում բացարձակ քաղաքական ընտրություններ, ապա այս անգամ խորհրդարանական ընտրությունների միջոցով է, որ ձևավորվելու է ողջ իշխանությունը»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների օրակարգը ձևավորելու են անվտանգության, արդարության, արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքական խնդիրները։ Նա նշեց, որ այսօրվանից պետք է կարողանանք դրանց մասին բաց, համարձակ խոսել ժողովրդի հետ, նրան պետք է բացատրել, թե ինչ դիրքորոշումներ ունեն այդ խնդիրների նկատմամբ։ Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ դիրքորոշում ունի տնտեսական հարցերում, ԼՂՀ հարցի, Հարավային Կովկասում խաղաղության և տնտեսական-ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր որոշումից է կախված Հայաստանում խաղաղության և պատերազմի հնարավորությունը, տնտեսական զարգացման հեռանկարը, տնտեսական աճը, ժողովրդի բեռի և դժվարությունների թեթևացումը։
Վարդան Օսկանյանն անդրադարձավ երեք հարցերի՝ տնտեսություն, Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում։ «Տնտեսությունում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է երեք բան։ Առաջին՝ խորքային, արմատական բարեփոխումներ՝ քաղաքական և տնտեսական, երկրորդ՝ համարձակ տնտեսական ծրագիր, և երրորդ՝ դրսից միջոցներ ներգրավելու հնարավորությունների ստեղծում և կարողություն»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ առաջինի հետ կապված՝ նորանշանակ վարչապետը փորձում է որոշ բաներ անել, սակայն դրանք քիչ են։
«Օրինակ՝ ես լուրջ հակասություններ եմ տեսնում առաջադրվող քայլերի և վերջերս ընդունված Հարկային նոր օրենսգրքի միջև։ Տնտեսությունն այն ոլորտն է, որ կիսատ և ընտրովի քայլերն արդյունքներ չեն կարող տալ»,- ասաց նա՝ նշելով, որ տնտեսական բարեփոխումները դատապարտված են՝ առանց քաղաքական բարեփոխումների: Ըստ նրա՝ այսօր քաղաքական մենաշնորհը հավանաբար ժողովրդի առաջ կանգնած ամենամեծ վտանգն ու մարտահրավերն է. ավելին, քան թշնամու արձակած փամփուշտները։ Տնտեսական ոլորտում բեկում է հարկավոր. եթե տնտեսական պատերազմը տանուլ ենք տալիս, ապա դատապարտված ենք վատ հետևանքների։