Բաժիններ՝

«Մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունները բաց և հրապարակային մրցույթով կմասնավորեցվեն». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց: Կադաստրի պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում առաջարկություններ տալ հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց համագործակցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մոնիտորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայություններում ներգրավելու գործընթացը.

«Մեկամսյա ժամկետում հանձնարարում եմ առաջարկություններ ներկայացնել դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք պետք է մեր երկրում ունենանք հնարավորություն՝ օնլայն ռեժիմով կամայական քաղաքացի, կամայական բիզնես, եթե ինքն ինչ-որ կետում ցանկանում է բիզնես ունենալ, ապա այդ կետում պետք է իմանա՝ ենթակառուցվածքների հնարավորություն կա՞, թե՞ ոչ, լինի դա ջուր, գազ, լույս, կիլովատտ և այլն»:

Պետական գույքի կառավարման վարչության պետին Կ. Կարապետյանը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերը բաց և հրապարակային մրցույթով մասնավորեցնելու վերաբերյալ` տալով երկշաբաթյա ժամկետ: Ըստ նրա` դրանում պետք է ներգրավել նաև ֆոնդային բորսան` այն աշխուժացնելու, նաև կառավարման մակարդակն այդ ընկերություններում բարձրացնելու համար:

Արդարադատության նախարարին վարչապետը հանձնարարեց կրկին երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել նախագծերի փաթեթ` ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և ԱՆ-ի կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները դադարեցնելու վերաբերյալ: Մնացած ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը, Կ.Կարապետյանի խոսքով, վերապահվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին. «Արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են Արդարադատության նախարարության՝ վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս