Աշխարհը նախապատրաստվում է ապագա նախագահ Թրամփի անկանխատեսելի գործելաոճին
Երեկ անցկացված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները համարվում են Երկրորդ աշխարհամարտից հետո ամենից շատ դիտվածը: Ակնկալվում է, որ այս ընտրությունների արդյունքները լիարժեքորեն կվերափոխեն ԱՄՆ-ի օրենքները և աշխարհում ԱՄՆ-ի քաղաքական դիրքը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Չորեքշաբթի առավոտյան աշխարհի բնակչությունը արթնացավ մի նոր իրականության մեջ: Իրականություն, որում Միացյալ Նահանգների քաղաքացիները երկրի նախագահի պաշտոնի համար ընտրել են Դոնալդ Թրամփին: Աշխարհի առաջնորդների ու միջազգային շուկայի համար սա անծանոթ մի իրավիճակ է: Հաշվի առնելով ընտրարշավի ժամանակ Թրամփի արած այն արտահայտությունը, թե ինքը կոչնչացնի առևտրի միջազգային պայմանագրերն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երաշխիքներ չի տրամադրի, քանի դեռ նրանք իրենց հասանելիք գումարը չեն վճարել՝ վաղ առավոտյան դոլարը դրամական շուկայում ընկղմվեց մի նոր գործընթացի մեջ:
«Ֆայնենշըլ Թայմս» միջազգային օրաթերթից Մարթին Ուոլֆը ասում է. «Աշխարհն այժմ մի թեկնածուի է տեսնում, ով ԱՄՆ-ի համար միանգամայն այլ դեր է պատկերացնում միջազգային ասպարեզում, ով մերժում է դաշինքի հասկացությունը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև դաշինքի գաղափարը: Ով մերժում է Ամերիկայի ստեղծած ազատամիտ առևտրի համակարգը, ինչը թվում է ավելի մեծ համակրանքի էր արժանանում ԱՄՆ-ի պատմական հակառակորդ երկրների կողմից, ինչպես օրինակ Ռուսաստանի քան Եվրոպայի կողմից»:
Չինաստանը նույնպես անհանգստանալու տեղ ունի, քանի որ ընտրարշավի ընթացքում Թրամփը նշանակետի տակ էր առել Պեկինի առևտրի գործունեությունը, սպառնալով ճնշել Չինաստանից ներմուծումների 45 տոկոս սակագինը:
«Դը Քոնֆերենս Բորդ» բիզնեսի և հետազոտությունների կազմակերպությունից Իթըն Քրեյմեր-Ֆլադը ասում է,- «Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմաթիվ անսովոր մտքեր է արտահայտել, որոնց իրագործումը, տարածաշրջանի բիզնեսի և տնտեսության համար բավականին բացասական հետևանքների պատճառ կարող է դառնալ»:
Աֆրիկայի վերլուծաբանների կարծիքով Թրամփի ընտրվելուց հետո ակնկալիքներն ավելի իրատեսական են:Նաիրոբիի համալսարանից Ադամս Օլոն ասում է,- «Իմ կարծիքով Աֆրիկան պետք է նախապատրաստվի հնարավոր ամենավատ հանգուցալուծմանը, ինչը կնշանակի, որ Դոնալդ Թրամփը առաջին հերթին կկենտրոնանա ԱՄՆ-ի ազգային շահերի, այլ ոչ թե համաշխարհային խնդիրների վրա: Եվ եթե մի ժամանակ է գալու, երբ Աֆրիկան պետք է մտածի իր խնդիրները ինքնուրույն լուծելու ճանապարհներ գտնելու մասին, ապա այդ ժամանակը հիմա է»:
Աշխարհի առաջնորդները ուշադրությամբ են հետևել նախագահական ընտրապայքարին և հարցն այժմ նրանում է, թե ինչ դեր է ստանձնելու ԱՄՆ-ը աշխարհի բեմահարթակում:
Լեգաթումի համալսարանից Շանքեր Սինգհամն ասում է,- «Վերջին տարիներին նկատելի էր, թե ինչպես էր ԱՄՆ-ը անջատվում աշխարհից, և այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում, մասնակիորեն դրա հետևանքն է: Հարցն այժմ նրանում է, թե արդյոք ԱՄՆ-ը ավելի կանջատվի, թե, ընդհակառակը, կմիանա աշխարհին»:
Թրամփն ասում է, որ իր վարչակազմը աշխարհի հետ արդարացիորեն կվարվի և ոչ թե թշնամանք կփնտրի, այլ՝ ընդհանուր շահեր:
Նոր օրվա բերած անորոշության հետ մեկտեղ գալիս է նաև այն հույսը, որ աշխարհում հաստատված կարգերից հեռացումը կարող է նոր հնարավորությունների և միգուցե որոշ դրական անակնկալների պատճառ դառնալ: