«Ոգևորությունը կանցնի. Թրամփն ԱՄՆ-ի հայրենասերն է, այլ ոչ թե Ռուսաստանի». Կոնստանտին Կալաչով
Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, թե դա ԱՄՆ-ի անկախության երկրորդ օրն է՝ անկախություն քաղաքական իսթեբլիշմենթից, փորձագետների կանխատեսումներից, Հոլիվուդի աստղերի ազդեցությունից։ Այս մասին հայտնում է «Մեդուզան»։
«Ակնհայտ է, որ բողոք-քվեարկությունը դեմ էր ստեղծված համակարգին, որը հասցվել էր աբսուրդի հասնող պոլիտկոռեկտության, ուղղված էր դաշնակիցների և արտաքին քաղաքականության մեծ ծախսերի դեմ՝ առանց հստակ գծագրման, այն արժեքների անտեսման դեմ, որոնց հիման վրա կառուցվել էր հին Ամերիկան»,- համոզված է Կալաչովը։
Վերջինս հռետորական հարց է տալիս, թե ուր կգնա կրթված, լուսավորյալ ամերիկացիների հոսքը, որը չի ցանկանում մեկ երկրում ապրել անկիրթ կովբոյների հետ։
«Ենթադրում եմ, որ ամերիկացիների կիրթ հատվածի տրամադրությունները ներկայումս ամենատխուրն են, իսկ ոմանք անգամ մտածում են ինչ-որ տեղ գնալու մասին։ Լավ է՝ Կանադան մոտ է»,- ասում է վերջինս։
Ինչ վերաբերում է Ռուսաստանում տիրող ոգևորությանը՝ Կալաչովը համոզմունք է հայտնում, թե չի կարծում՝ այդ չափազանցված սպասումները ու հիացմունքն արդյունքում կարդարանան, «սակայն մեր բնակչության մեծ մասի համար դեռևս Թրամփի հաջողությունը նաև մեր նախագահի հաջողությունն է միաժամանակ»։
«Ոգևորությունը կանցնի՝ Թրամփն ԱՄՆ-ի հայրենասերն է, այլ ոչ թե Ռուսաստանի։ Թրամփը բավական կոշտ մարդ է, որը հիշեցնում է Ռոնալդ Ռեյգանին։ Պուտինի հետ լավ հարաբերությունները նրան ամենևին չեն խանգարի վարել այն կուրսը, որը, նրա կարծիքով, կհամապատասխանի նրա քարոզարշավի կարգախոսին»,- ասում է Կալաչովը։