
Մարիա Զախարովան՝ ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ APA-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելն արդյոք կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա:
Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու մյուս երկրները, ներառյալ՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ երկիր:
«Ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում։
Դրա հետ կապված՝ ներկայումս նոր անվանումների հայտնվելը չի ազդի ռուսական դիրքորոշման վրա, որը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Մենք առկա մշակումների հիման վրա շարունակում ենք միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- հայտարարել է Զախարովան:
Հարցին, թե արդյոք հարցը քննարկվելու է Համբուրգում՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Զախարովան պատասխանել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերին:
«Մասնավորապես, նոյեմբերի 10-ին ԼՂ թեման կքննվի ԵԱՀԿ մշտական խորհրդում, ինչպես նաև Վիեննայում՝ Մինսկի խմբի նիստում։ Ենթադրում ենք, որ աշխատանքը կշարունակվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը»,- ասել է նա: