Գյումրիի քաղաքապետարանում պայթյունավտանգ իրավիճակ է. Սամվել Բալասանյանը պատժում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը N 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից: Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից`տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ:

Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646: Առաջին հայացքից թվում է, թե հանրապետականների բարձր հովանու ներքո քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանն օպտիմալացման է գնում, տնտեսված գումարով էլ նպատակ ունի լուծել համայնքային խնդիրները։ Սակայն տեղի ունեցող կրճատումների հիմքը ոչ թե դրայվոտ վարչապետի հորդոր-հանձնարարականն է, այլ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունները, ավելի հստակ` Գյումրու ավագանու ընտրությունները:

Armtimes.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ`կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ է: Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին` Բալասանյանին: Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար: Ըստ նույն աղբյուրների՝ Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա է լարված, պայթյունավտանգ իրավիճակ: Աշխատակազմը ճամբարների է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս