Բաժիններ՝

Պետությանը 50.000 եվրոյի վնաս հասցրած պաշտոնյային հերթական մեծ հնչեղություն ստացած գործն է վստահվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ, որով սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Բողոքով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դիրքորոշում են հայտնել այն մասին, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունները, քննությունն ընթացել է մի շարք թերացումներով, որոնց վերաբերյալ ներկայացված միջնորդություններին դատարանի կողմից ընթացք չի տրվել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկվել է նաև Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի մասով, որը ևս մերժվել էր դատարանի կողմից: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2016 թ. հոկտեմբերի 26-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել և դատական նիստ նշանակել 2016 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյան Լուսանկարը՝ court.am-ի Ընդ որում՝ վերաքննիչ բողոքը կքննվի վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Մ. Արղամանյանի նախագահությամբ, որն, ի դեպ, ևս ընդգրկված է Մատաղիսի գործով ապօրինություն թույլ տված պաշտոնատար անձանց ցուցակում (վերջինիս կողմից է կայացվել Մատաղիսի գործով երեք զինծառայողներին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին վճիռը): Հիշեցնենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս տարվա մարտին վճիռ կայացրեց Մատաղիսի գործով, որով, ճանաչելով ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները, պարտավորեցրեց ՀՀ Կառավարությանը պետական բյուջեից որպես փոխհատուցում վճարել 50.000 եվրո:

Այսօր պետությանը 50.000 եվրոյի վնաս հասցրած պաշտոնյաներից մեկը շարունակում է մնալ իր պաշտոնում, ավելին՝ նրան հերթական մեծ հնչեղություն ստացած գործն է վստահվել:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս