Նախորդ տարի 240.6 մլն դրամ ավելի կենսաթոշակ է վճարվել
2015 թ. ընթացքում 240.6 մլն դրամ ավելի կենսաթոշակ է վճարվել։ Այս անճշտությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետները հայտնաբերել են տեղեկատվության հավաստիության և որակի ճշտման, համադրումներ իրականացնելու և այլ վերլուծությունների արդյունքում: Խնդիրն այն է, որ գործող օրենքով ավելի վճարված կենսաթոշակի վերադարձման հարցը բավականին բարդ է, հաճախ պահանջում է դատական միջամտություն։ Ու թեև բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրներն առաջանում են ավելի շատ օրենքի չիմացության, քան՝ միտումնավոր գործունեության հետ, սակայն գործընթացի վրա ծախսվող ռեսուրսներն անհամեմատ ավելի շատ են:
Այդ գումարները, որպես կանոն, վճարվել են սոցիալապես խոցելի խավերին, և դատարանի վճռի հիման վրա նրանցից ցանկացած գումարի բռնագանձում կարող է էական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ գումարների վերադարձելիության մակարդակը ցածր է: 2015 թ. հայտնաբերված 240.6 մլն դրամ ավելի վճարված գումարից վերականգնվել է շուրջ 19.5 մլն դրամը: Միաժամանակ, 2015 թ. ծառայության կողմից ներկայացվել է 316 հայցադիմում՝ 98 101 793 ՀՀ դրամ հայցագնով: Ներկայացված հայցադիմումներից հօգուտ Ծառայության կայացվել է 113 վճիռ` 29 038 774 ՀՀ դրամ գումարով: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ դատական կարգով բռնագանձվել է (վերականգնվել է ՀՀ պետական բյուջե) 8 204 183 ՀՀ դրամ:
Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով կառավարությունը որոշել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Նախագիծը վաղը կառավարության նիստում կներկայացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Առաջարկվում է օրենքում կանոնակարգել կենսաթոշակի ավելի վճարված գումարները հետ գանձելու հետ կապված առանձին խնդիրներ:
Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա, հետ են գանձվում այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: