«Եթե Քլինթոնն ընտրվեր, նա դրանով ապահոված կլիներ գալիք ընտրություններում Պուտինի ցնցող հաղթանակը». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է՝ ճիշտ չէր, որ ԱՄՆ-ում կայացած ընտրություններում հայ համայնքը նեցուկ չկանգնեց ոչ մի թեկնածուի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Նավասարդյանը նշեց, որ նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չէ։

«Ընդհակառակը՝ պետք է ճիշտ հաշվարկում աներ հայ համայնքը և որևէ մեկի կողմից լիներ, հիմա եթե հայ համայնքը որոշի այնտեղ որևէ բան անել, կարծում եմ՝ դա կբերի որոշակի դժվարությունների»,- նշեց Ա. Նավասարդյանը։

Հարցը, թե Հ. Քլինթոնն ընտրվելու դեպքում ի նպաստ Ղարաբաղի ինչ-որ քայլեր էր կատարելու, Ա. Նավասարդյանը ծիծաղելի համարեց. «Չմոռանանք, որ, երբ նա Ծիծեռնակաբերդ գնաց ու ծաղկեփունջ դրեց, երբ թուրքերը վայնասուն բարձրացրեցին, անմիջապես նա հետ կանգնեց իր քայլից՝ ասելով, որ իր այցելությունը մասնավոր այցելություն էր, ու ինքը հանդես չէր գալիս՝ որպես ԱՄՆ պետքարտուղար։ Սա է իրականությունը, և սպասել երկնային մանանա մեկի կամ մյուսի կողմից, կարծում եմ՝ նորից քաղաքական կատեգորիա չէ»։

Նա նկատեց, որ ասում են, որ Թրամփը հանդես էր գալիս Պուտինի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին, իսկ Քլինթոնը՝ հակառակ. «Եթե Քլինթոնն ընտրվեր, նա դրանով ապահոված կլիներ գալիք ընտրություններում Պուտինի ցնցող հաղթանակը, որովհետև ռուս էլեկտորատն անպայմանորեն Քլինթոնի նման հակառուսական գործչի դեպքում պետք է ընտրեր այնպիսի մի նախագահի, որն ուժեղ արտաքին քաղաքականություն պետք է վարի և ունենա ուժեղ ձեռք։ Այդ պարագայում դա կխոսեր Պուտինի օգտին։ Սպասել, որ նոր ընտրված նախագահը կտանի այն քաղաքական գիծը, որը նա արել է ընտրություններից առաջ, ես այդ կապացությամբ ձեզ կհիշեցնեմ Բիսմարկի խոսքերը՝ «մարդիկ ամենաշատը ստում են պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»»։

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը  նախնական արդյունքներով դարձել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Դ. Թրամփն ապահովել է 276 ընտրիչների ձայները՝ պահանջվող 270-ի փոխարեն, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կստանա 218 ընտրիչների ձայները:

Տեսանյութեր

Լրահոս