Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովը պետբյուջեին արժեցել է 62.5 հազար ԱՄՆ դոլար
Այս տարի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացված «Հայաստան» ներդրումային համաժողովը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 62.5 հազար ԱՄՆ դոլար։ Թե որքանո՞վ էր արդյունավետ այդ համաժողովը, դժվար է հստակ ասել։ Դրա «պտուղները շուտ չեն հասունանա»։
Իսկ վաղը կառավարության նիստում կքննարկվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը 2016 թ. 62.5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (բայց ոչ ավելի, քան 30 մլն ՀՀ դրամ) հատկացնելու հարցը։
Ինչպես նշված է որոշման նախագծում՝ համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի՝ «Ներդրումների խթանման» ծրագրի շրջանակներում, որով ՀՀ-ին 750 հազար ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում:
Նյու Յորքում կազմակերպված խոշոր ներդրումային ֆորումի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանը՝ որպես ներդրումների համար բարենպաստ երկիր: «Նման միջոցառումը լավագույն հարթակ է երկրի ներդրումային միջավայրի, տնտեսական և մտավոր ներուժի ներկայացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև պոտենցիալ գործընկերների բացահայտման համար»,- նշված է որոշման նախագծում: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման միջոցառումների կազմակերպումը նպատակահարմար է իրականացնել մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ Ասիական զարգացման բանկն իր կողմից հաստատված ընթացակարգով ընտրել էր ընկերություն՝ Continental Advisory Services LLC, որը ստանձնել էր միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Մասնավորապես՝ տեխնիկական սարքավորումների ապահովում, սուրճի ընդմիջում, 33 անձի համար կեցության ապահովում՝ նախաճաշով, պաշտոնական ընթրիքի կազմակերպում 180 անձի համար, մասնակիցների տեղափոխման և անվտանգության խնդիրների ապահովում, գովազդատեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում:
Այս կազմակերպչական աշխատանքների իրականացման համար Հայաստանի զարգացման հիմնադրամի և Continental Advisory Services LLC ընկերության հետ ստորագրված պայմանագրով ամրագրված ընդհանուր գինը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար, որից 225 հազար ԱՄՆ դոլար գումարը վճարվելու է Ասիական զարգացման բանկի կողմից, իսկ 25 հազար ԱՄՆ դոլարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։ Սակայն, 25 հազար դոլարից բացի, անհրաժեշտ է նաև գովազդային և մարքետինգային ծառայությունների համար նախատեսվող 75 հազար ԱՄՆ դոլարի համար հաշվարկել շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ ընդհանուր հարկերը միասին՝ 37.5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվում է 62.5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար՝ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: