«Սպիտակ տան նոր վարչակազմը ստիպված է լինելու վերանայել իր մոտեցումները բոլոր տարածաշրջաններում»
ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկիրը Հարավային Կովկասում իր արտաքին քաղաքականության մեջ շատ փոփոխություններ չի մտցնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Այնուամենայնիվ, քաղաքագետն այն կարծիքին է, որ Սպիտակ տան նոր վարչակազմը ստիպված է լինելու վերանայել իր մոտեցումները բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաև սեփական երկրում:
«Եթե ուշադիր հետևեինք նախընտրական քարոզարշավին, կտեսնեինք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի կողմնակից է սկզբում Միացյալ Նահանգների ներքին հարցերը լուծելուն և, ի տարբերություն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի, պակաս ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակիցն է հատկապես Միացյալ Նահանգներից հեռու գտնվող տարածաշրջաններում»,- ասաց քաղաքագետը:
Նա հավելեց, որ դա ընդամենը նախընտրական քարոզարշավ է, և փորձը ցույց է տվել, որ միջազգային քաղաքականության մեջ մշտապես վերանայվում են մոտեցումները, և Միացյալ Նահանգները միշտ փորձում է նոր մոտեցումներ բերել: «Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում նոր մոտեցումներ կլինեն, բայց չեմ կարծում, որ անկախ դրանց բովանդակությունից և էությունից՝ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները շատ կփոխի իր արտաքին քաղաքականությունը»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո փոփոխություններ է ակնկալում Մերձավոր Արևելքում այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում հնարավոր են հետաքրքիր լուծումներ, որոնք միտված կլինեն սիրիական հակամարտության արագ կարգավորմանը: