
«ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ գոյություն չունի». Բաքվում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ գոյություն չունի։
Սեկուտան նշել է, որ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես համանախագահ, ներկայացնում է դեսպան Ջեյմս Ուորլիքը։
«Կարող եմ ասել, որ համանախագահները շարունակում են ջանքերը՝ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպումը։
Միանշանակ է ևս մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի գոյություն չունի։
Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման։ Դա չափազանց կարևոր է։ Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները միակարծիք են, որ այդ հակամարտությունը չափազանց երկար է ձգվել։
Խաղաղ կարգավորման հասնելու և առաջընթաց գրանցելու համար կողմերին անհրաժեշտ է հանդիպել ամենամոտ ժամանակներս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։