Հանցավոր խմբին վճարողը հայտնի է. Մանրամասներ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: «Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար է տվել Արթուր Վարդանյանին:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին է փոխանցել 70.000 ԱՄՆ դոլար: Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով:
Հիշեցնենք, որ հայր Անտոնը կալանավորվել է, ապա երկու ամիս անց՝ հունվարին, ազատ արձակվել:
Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաեւ այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թվականի ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետեւ կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների եւ այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:
Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ այս գործով նախաքննության ավարտից հետո, օրեր առաջ՝ նայեմբերի 3-ին, Արթուր Վարդանյանը լրացուցիչ հարցաքննվելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է: Մեզ նրա ցուցմունքից որոշ մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես, Վարդանյանը բառացիորեն նշել է հետեւյալը. «Հաշվի առնելով, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մոտեցող հանրաքվեն ես որոշել էի կազմակերպել ցույցեր, հանրահավաքներ, որպեսզի գերիշխեր «ոչ»-ը հանրաքվեի արդյունքում եւ փոփոխությունները չընդունվեին…: Մեզ հայտնի դարձավ, որ զինված խմբի անդամներից շատերը անձամբ Արթուրին վաճառել են զենք-զինամթերք, որոնցից մեծ մասը տեղյակ չեն եղել, թե ինչի համար են այդ զենքերը օգտագործվելու: Քրեական գործում գոյություն ունեն նաեւ ցուցմունքներ, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է մի քանիսին, որ հեղաշրջումից ետ կանգնելու դեպքում պատասխան կտան իրենց ընտանիքի անդամները: Արթուր Վարդանյանը, սակայն, իր ցուցմունքում հերքել է այդ սպառնալիքները, դրանք որպես սուտ որակելով: Անդրադառնալով՝ զենք-զինամթերքին Վարդանյանը իր ցուցմունքում նշել է. «Իմ ունեցած կանխատեսումների համաձայն՝ Արցախի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին եւ եթե իշխանությունն այդպիսի որոշում կայացներ, ապա զենքը կիրառվելու էր Արցախի ինքնապաշտպանության ժամանակ…: Այն բոլոր ծրագրերը, որոնք ես ունեցել եմ, եղել են հանուն հայ ազգի, Հայաստանի եւ Արցախի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: